ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ Ալինա Քուշկյան) Արցախի Բուժքույրերի   միավորման  եւ Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի  հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրները թեմայով համագումար:

Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից եւ Հայաստանից:

Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձեւաչափով:

Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաեւ Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաեւ  նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական  լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ:

Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն եւս մեկ շաբաթ:

Այս համագործակցությունը լուրջ աղդեցություն կունենա  Արցախի կրթական ծրագրերի զարգացման վրա:

Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965 թվականից` ի պատիվ անգլուհի  Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ  գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարեւորվեց եւ այդուհետ  բժիշկ ու գթության  քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձեւավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է:

Հայաստանում մասնագիտական այս տոնը  նշվում է 2004 թվականից:

Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց  ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ»  հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր եւ տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով  բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում: