Միջին տարիքի զույգերը, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, բայց ունեն որոշակի դժվարություններ, պետք է դիմեն Արտամարմնային բեղմնավորմանը (ԱՄԲ)՝ անտեսելով անպտղության դեմ առկա այլ բուժումները, ցույց է տվել կլինիկական մի նոր փորձարկում, հայտնում է WebMD։
Հետազոտությունները ցույց են տվել, որ 38 տարեկանից բարձր կանայք երկու անգամ ավելի մեծ հավանականություն ունեն հղիանալ ԱՄԲ-ի միջոցով (բուժման առաջին երկու փուլերում), քան դեղահաբեր կամ ներարկումներ ընդունելով։ ԱՄԲ-ի դեպքում հաջող ծննդաբերությունը երկու անգամ ավելի հավանական է եղել։
«Այս տարիքային խմբի համար ժամանակը իսկապես մեծ նշանակություն ունի»,- ասել է հետազոտության ղեկավար Նյու Համփշիրի Դարթմունդ բժշկական դպրոցի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի պրոֆեսոր Մարլեն Գոլդմանը։
«Սովորաբար անպտղությունը բուժվում է արհեստական բեղմնավորման միջոցով՝ զուգորդելով այն քլոմիֆենի օրալ հաբերով, որից հետո հիվանդին սերմնավորում է կատարվում, ինչը ուղեկցվում է գոնադոտրոպին կամ ֆոլլիկուլախթանային հորմոնի ներարկմամբ։
Եթե այս երկու միջոցները չեն գործում, բժիշկները իրականացնում են ԱՄԲ։ Կնոջ ձվաբջիջները եւ տղամարդու սերմը միացվում են իրար լաբորատոր պայմաններում, եւ ստացված սաղմը կրկին փոխպատվաստվում է կնոջ արգանդի մեջ։
Բոսթոնի պտղաբերության երկու կենտրոններում անցկացված հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի 154 ամուսնական զույգ՝ անհասկանալի անպտղությամբ, որոնց բժիշկները բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը ստացել է օրալ բուժում, երկրորդը՝ դեղամիջոցների եւ ներարկումների տեսքով, իսկ երրորդը՝ ԱՄԲ-ի միջոցով։
Մասնակից կանայք եղել են 38-42 տարեկան, եւ բոլոր մասնակիցները ունեցել են համեմատաբար լավ վերարտադրողական առողջություն։
Արդյունքները երկու փուլերից հետո՝
ԱՄԲ-ի խմբից հղիացել է մասնակիցների 49%, իսկ ծննդաբերել՝ 31%-ը։
Օրալ բուժումներ ստացող մասնակիցների 22%- ը հղիացել է, իսկ 16%-ը ծնդաբերել։
Ներակումներ ստացող մասնակիցներից հղիացել է 17%, իսկ ծննդաբերել՝ 14%։
Այն զույգերը, որոնց չի հաջողվել հղիանալ առաջին երկու փուլերի ընթացքում, ստացել են ԱՄԲ։
Բուժման վերջում բոլոր մասնակիցների 71%-ը հղիացել է, իսկ 46%-ը ծննդաբերել է առողջ երեխա (կամ երեխաներ)։ Բոլոր ծնունդների 84% իրականացվել է ԱՄԲ-ի միջոցով։






