Մեծ քանակությամբ սպիտակուցի գործածումը նվազեցնում է սրտային անբավարարության, վաղաժամ մահվան հավանականությունը, պարզել են Գրոնինգենյան համալսարանի գիտնականները։ Այս մասին հայտնում է The Times ամսագիրը։

Հետազոտությանը մասնակցել է 2 281 մարդ՝ Եվրոպայի 11 երկրներից, որոնց միջին տարիքը 68 տարեկան էր։ Նրանց կողմից գործածված սպիտակուցի մակարդակը որոշվում էր մեզի անալիզի միջոցով։ Մասնագետները գրեթե երկու տարի հետեւել են հիվանդների վիճակին։

Աննշան քանակությամբ սպիտակուց (օրական 40 գրամից քիչ) գործածողների մեկ երրորդը 21 ամիս հետո մահացել էր։ Իսկ օրական ավելի քան 70 գրամ սպիտակուց գործածողների շրջանում մահվան հավանականությունը նվազել էր մինչեւ 18 տոկոս։ Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքն ու երիկամների ֆունկցիան, քիչ քանակությամբ սպիտակուցի գործածման դեպքում մահվան հավանականությունն աճում էր 46 տոկոսով։

70 տարեկան ու ավելի մեծ մարդկանց շուրջ տասը տոկոսը տառապում է արյան շրջանառության համակարգի խանգարումներով, քանի որ ծերացման ժամանակ օրգանիզմը նվազ արդյունավետորեն է գործածում սպիտակուցը՝ սրտի մկանների վերականգնման համար։ Հայտնի է, որ սպիտակուցի բարձր պարունակությամբ սնունդը նպաստում է մկանային զանգվածի կուտակմանը ու ավելի երկար է սիրտն առողջ պահպանում։