Քաղցկեղի հետազոտության համաշխարհային ֆոնդի եւ Ամերիկյան ուռուցքաբանության ինստիտուտի մասնագետները, հիմվելով քաղցկեղ առաջացնող վտանգի ապացուցված գործոնների վրա, հայտնել են, թե ինչպես նվազեցնեն չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը, որոնք հնարավոր է 40 տոկոս դեպքերում կանխել:
Գլխավոր կանոններից մեկը մարմնի զանգվածի վերահսկողությունն է: Եթե 10 տարի առաջ ապացուցվել է, որ ճարպակալումը քաղցկեղի 7 տեսակների պատճառն է, ապա այսօր գիտնականները հայտարարում են օնկոլոգիայի արդեն 12 տեսակի մասին, որոնք կապված են ավելորդ քաշի հետ: Խոսքը շագանակագեղձի եւ կրծքագեղձի, ստամոքսի, լյարդի, բերանի խոռոչի եւ ըմպանի, աղիների, լեղապարկի, երիկամների, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի եւ արգանդի քաղցկեղի մասին է:
Մասնագետները խորհուրդ են տալիս նորմալ քաշ պահպանելու համար ավելի շատ քայլել եւ ավելի քիչ նստել: Գիտնականների հաշվարկներով՝ շաբաթական 150 րոպե տեւողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը (կամ 75 րոպեանոց առավել ինտենսիվ ծանրաբեռնվածությունը) բավարար է կազմվածքը պահպանելու համար: Ի դեպ, ապացուցվել է, որ հաստ աղիի քաղցկեղից պաշտպանում է հատկապես չափավոր ֆիզիկական ակտիվությունը (ոչ ուժասպառ անող):
Սնվելու առումով գիտնականները խորհուրդ են տալիս առավելագույնս սահմանափակել ֆասթ ֆուդի, ճարպի, օսլայի կամ շաքարի մեծ պարունակությամբ մշակված մթերքների օգտագործումը, հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից եւ սննդային հավելումներից:
Բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը ստանալու համար անհրաժեշտ է հետեւել բանջարեղենի, մրգերի, ընդեղենի եւ լոբազգիների զգալի պարունակությամբ սննդակարգի:
«Այս խորհուրդները վերցվել են մեր վերջին փորձագիտական հաշվետվությունից եւ փորձագետների անկախ խմբի եզրակացություններից: Վերեւում թվարկված ամեն ինչն իսկապես կարող է ահռելի ազդեցություն ունենալ քաղցկեղի եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման վտանգների նվազեցման վրա»,- ասել է պրոֆեսոր Մարտին Ուայզմանը:






