Սիդնեյից (Ավստրալիա) Դանիկա Մակդուգալին 14 տարեկանում շան հետ զբոսնելիս տիզ էր խայթել: Մի քանի օր հետո մեջքին խայթոցի տեղում մեծ բիծ էր հայտնվել, իսկ աղջիկը թուլություն եւ գլխացավեր էր ունեցել:

Պարզվել էր, որ աղջկա մոտ առկա է Լայմի հիվանդություն (տզային բորելիոզ), որը փոխանցվում է իքսոդիդային տիզի խայթոցով: Դրա դեմ պատվաստում չկա, իսկ Լայմի հիվանդության բարձիթողի ձեւը սպառնում է կաթվածով եւ մահով: Այս հիվանդությունը դժվար է որոշել: Դանիկայի դեպքում ամեն ինչ բարդացրել էր նաեւ բժիշկների ոչ բանիմացությունը: Ավստրալիայի իշխանությունների պաշտոնական դիրքրոշման համաձայն՝ «մայրցամաքում Լայմի հիվանդություն չկա»: Բժիշկներն աղջկան բուժել են անհայտ վիրուսի դեմ, որը ընկել է տիզի խայթած տեղում: Դրա հետեւանքով նրա վիճակը միայն ավելի էր վատթարացել, սկսվել էին ուղեղի հետ կապված խնդիրներ, նա կորցրել էր ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը:

Նորմալ բուժում ստանալու համար Դանիկայի ընտանիքը դրամահավաք է սկսել եւ Կիպրոսում նրա բուժման համար 35 հազար դոլար ծախսել, որտեղ նա ստացել է օզոնոթերապիայի ամբողջական կուրս: Հիմա Դանիկան կարողանում է քայլել, չնայած չափազանց թույլ է: Ավելին՝ աղջիկը լիովին մոռացել է այն ամենը, ինչ իր հետ տեղի է ունեցել վերջին 2 տարում: «Ես հիշում եմ շան հետ զբոսանքը եւ մեջքիս խայթոցը, սակայն չեմ հիշում, թե ինչ է եղել հետո: Ինձ թվում է, թե 14 տարեկան եմ, բայց իրականում 17 տարեկան եմ»,- խոստովանում է նա: Հիմա նա կարողանում է խոսել եւ ինչ-որ բանի վրա կենտոնանալ, սակայն կարճաժամկետ հիշողություն գործնականում չունի:

Աղջիկը դեռեւս վերականգնողական երկար կուրս պետք է անցնի: Նրա մայրը փորձում է կառավարությանը ստիպել ճանաչել Լայմի հիվանդությունը: Նա կարծում է, որ մասնագետները բորելիոզը մերժում են միայն այն պատճառով, որ իշխանությունները չեն ցանկանում վճարել բուժման համար: