Մոտ ապագայում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին կից նոր գյուղատնտեսական ծրագիր կմեկնարկի, որի շրջանակներում զինվորական հաշմանդամները հաեր, աքլորներ կպահեն, իսկ դրանց միսը եւ ձուն կվաճառեն հենց կենտրոնում, ինչը եկամտի աղբյուր կդառնա վերականգնողական բուժում ստացող տղաների համար:

Կենտրոնում նրանց արդեն անգլերեն, ծրագրավորում եւ երաժշտություն են սովորեցնում. կրթությունը շատ կարեւոր է նրանց հետագա սոցիալականացման համար եւ կարող է շատ նոր դռներ բացել նրանց առջեւ, նշեց Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ապագայում, ըստ նրա, նախատեսվում է ընդլայնել այդ ծրագրերը, նոր կրթական եւ բիզնես ծրագրեր ավելացնել:

«Այս տղաները մոտ 20 տարեկան են, եւ նրանք պետք է հասկանան, որ իրենց միշտ չէ, որ օգնելու են, եւ որ իրենք կարող են օգտակար լինել իրենց եւ հասարակության համար»,- ասաց Մուրադյանը:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը, իր հերթին, նշեց, որ կենտրոնը պետական աջակցություն չունի, եւ այդ հարցը դեռ չի քննարկվել նոր պաշտպանության նախարարի հետ: Կենտրոնի բյուջետային դեֆիցիտը տարեկան 400 մլն դրամ է կազմում. հենց այսքան գումար է հարկավոր, որպեսզի ամեն ամիս 70 զինվորական հաշմանդամ վերականգնողական բուժում եւ դեղորայք ստանա, իսկ կենտրոնը` նոր սարքավորումներ եւ բոլոր անհրաժեշտ միջոցները դրա համար:

Կենտրոնի կոմունալ ծառայությունների համար, տնօրենի խոսքով, վճարում է բժշկական համալսարանը եւ ապահովում է ոչ միայն վերականգնողական մասնագետների, այլ նաեւ բոլոր այլ անհրաժեշտ մասնագետների անվճար խորհրդատվությունը: Վերականգնողական մասնագետների  աշխատավարձը վճարվում է մի քանի մասնավոր հիվանդների եւ հովանավորների կողմից ստացվող գումարներից: