Ոչ միայն առողջապահության ոլորտում, այլեւ Հայաստանի բոլոր այլ ոլորտներում կոռուպցիան այնպես է արմատավորվել, որ դրա դեմ պայքարելու համար հիմա բոլոր նախարարները ստիպված են քննիչներ աշխատել: Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուքում» երեկ երեկոյան կատարած իր գրառումը առողջապահության համակարգի օլիգարխների վերաբերյալ:

«Կոռուպցիան այնքան համակարգային էր, որ մենք՝ նախարարներս, հիմա որպես քննիչներ ենք աշխատում, փորփրում ենք, պարզում, ստուգում, առայժմ բովանդակային աշխատանքով չենք զբաղվում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր նշանակման առաջին իսկ օրերին արդեն հայտնել է առողջապահության ոլորտում կոռուպցիայի մի քանի դեպքերի մասին, մասնավորապես՝ պետական բյուջեից մի քանի առողջարանների ուռճացված ֆինանսավորման մասին:

Հիշեցնենք, որ դրանցից մեկը պատկանում է ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանի եւ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի կանանց:

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս ոլորտում մյուս կոռուպցիոներների անունները կհրապարակվեն այն ժամանակ, երբ կլինեն կոռուպցիայի ակտն ապացուցող փաստաթղթեր: «Օդի մեջ մեղադրանքներ չեն հնչի: Մենք բոլորս կարող ենք հընթացս անուններ նշել, բոլորս նրանց մասին լսել ենք, բայց քանի որ ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, առանց անցյալի արարքների համար վենդետայի, մեզ փաստեր են պետք»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ փաստեր հավաքելու համար ներկայումս ստուգումներ են անցկացվում ե՛ւ Առողջապահության նախարարության, ե՛ւ Պետական գործակալության, ե՛ւ Առողջապահության տեսչության կողմից, ու արդեն այսօր ստուգումների արդյունքներով նամակները կուղարկվեն Ազգային անվտանգության ծառայություն: Նախարարը շեշտեց, որ ոչ մի բան չկա, որը կկարողանար իրեն խանգարել այդ գործերին ընթացք տալու համար:

Նրա խոսքով՝ սպասվում են ոչ միայն կադրային փոփոխություններ, այլեւ քրեական գործեր, եթե դրանց համար հիմքեր լինեն: