Բժշկա-սոցիալական փորձաքննության համակարգն իրեն սպառել է՝ այն անհրաժեշտ արդյունք չի տալիս եւ կոռուպցիոն շատ ռիսկեր է պարունակում: Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերի ընթացքում հայտարարեցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նախարարների խոսքով՝ իրենք իրազեկված են բժշկա-սոցիալական փորձաքննության հետ կապված խնդիրների մասին եւ աշխատում են արդյունավետ ու երկարաժամկետ լուծումների որոնման վրա: Բացառված չէ, որ ԲՍՓ հանձնաժողովները լուծարվեն, իսկ դրանց գործառույթը դրվի առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա: Թվայնացումը նույնպես կարող է օգնել այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ճիշտ է, սրանք դեռեւս ընդամենը գաղափարներ են: Իսկ երբ կլինեն այս ոլորտի բարեփոխման կոնկրետ առաջարկները, դրանք հանրային քննարկման կդրվեն, նշեց Արսեն Թորոսյանը:
Ինչպես նշեց Մանե Թանդիլյանը, ե՛ւ ինքը, ե՛ւ առողջապահության նախարարը ԲՍՓ աշխատանքի վերաբերյալ մեծ թվով գանգատներ են ստացել, եւ ակնհայտ է, որ այս համակարգում խորը խնդիրներ կան:
«Մարդկային գործոնը, ստանդարտների սուբյեկտիվությունը լրջագույն կոռուպցիոն սխեմաների են հանգեցրել»,- նշեց նախարարը՝ հավելելով, թե ԲՍՓ-ն որքան վաղ կազմալուծվի, այնքան լավ կլինի բոլորի համար, քանի որ այս համակարգն ազդում է հաշմանդամությամբ մարդկանց կյանքի վրա, որոնք խոցելի խումբ են համարվում:
Մանե Թանդիլյանը նաեւ նշեց, որ երկրում 166 գործով վերահսկիչ փորձաքննություն է անցկացվել, եւ արդեն հասցրել են կատարել 80 փորձաքննություն, իսկ դրանից 55-ով հաշմանդամության խմբի փոփոխության որոշում է կայացվել: Տվյալ պահին որոշում է ընդունվել դադարեցնել վերահսկիչ փորձաքննությունները, իսկ նշված 55 գործերով որոշումները վերանայել:
Մանե Թանդիլյանը մոտ ապագայում ԲՍՓ անցնել պատրաստվող մարդկանց խորհուրդ տվեց ի գիտություն ընդունել, որ նրանց բուժող բժիշկները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն փորձաքննությանը մասնակցելու, եւ փորձաքննության ընթացքում այս մարդկանց ներկայությունը կարող է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ հանձնաժողովին ստիպել օբյեկտիվ որոշում ընդունել:






