Կլինիկական ուղեցույցների եւ պացիենտների վարման գործելակարգերի մշակումն ու ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է եւ կշարունակի իրականացվել:

«Այս աշխատանքը կատարող թիմի գործառույթը մեծապես կարեւորում եմ ու շեշտում, որ այն շարունակելու է իր աշխատանքը: Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում թիմի աշխատանքի շարունակումը որեւէ կերպ չպետք է մտահոգություն հարուցի», - նախարարությունում Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի մշակման բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ շեշտել է նախարար Արսեն Թորոսյանը:

Միջազգային պրոտոկոլների ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է կատարվի աստիճանաբար, սահուն, որպեսզի դրա կիրառման տեխնիկական խնդիրները բժիշկների կողմից հակազդեցություն չառաջացնեն՝ շեշտել է Թորոսյանը: Սա պետք է արվի առողջապահության քաղաքականության եւ բյուջեի հատկացումների վերանայման միջոցով:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ բուժման եւ պացիենտների վարման միջազգային պրոտոկոլների թարգմանումն ու ներդրումը չպետք է ամբողջապես պարտադիր լինեն բժիշկների համար: Որոշ փոփոխություններ նրանք կարող են անել բուժման գործընթացում, եթե դեղորայքի կամ տվյալ բուժծառայության տեսակի անմատչելիության հարց կա: Սակայն պրոտոկոլները նաեւ ենթադրում են առանցքային ուղղություններ, որոնք չպետք է շրջանցվեն:

Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի մշակման բաժնի գիտական ղեկավար Հարությունը Մանգոյանը կարեւորել է հանրապետության գլխավոր մասնագետների եւ առողջապահական ասոցիացիաների հետ գործակցության սերտացումը, քանի որ երբեմն նորարարություններն ակնկալվածի պես սահուն չեն ներդրվում կամ տեղայնացվում, ինչը, սակայն, անհրաժեշտ է բուժման գործընթացում միջազգային նոր մոտեցումները կիրառելու առումով:

Միջազգային գործելակարգերի եւ ուղեցույցների ներդրումը, կիրառումը պետք է վերահսկվի առողջապահության էլեկտրոնային համակարգի միջոցով, որի ներդրումը թեեւ հետաձգվել է, բայց շարունակում է մնալ օրակարգում: