Հայաստանի 6 պետական մանկատներում կա 600 երեխա, եւ նրանցից 60-70 տոկոսը հաշմանդամություն ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ եւս 350 երեխա սովորում է գիշերօթիկ դպրոցներում, 160 երեխա էլ՝ SOS մանկական գյուղերում:

Ինչպես նշեց մասնագետը, այսօր շատ է խոսվում մեծ հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու մասին: Սակայն դրա իրագործումն այնքան էլ հեշտ չէ՝ կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ խոչընդոտներ: Այսպես՝ հայ ընտանիքները սովորաբար չեն ցանկանում հաշմանդամությամբ երեխաների որդեգրել (վերջիվերջո՝ չէ որ նրանք այդ երեխաներից հրաժարվել են). եթե այսպիսի երեխաներին որդեգրում էլ են, ապա արտասահմանցի ընտանիքները: Արդյունքում որոշ երեխաների ամբողջ կյանքն անցնում է մասնագիտացված հաստատություններում:

Գեղանուշ Գյունաշյանի խոսքով՝ Հայաստանում ընտանիքները պետության կողմից բավարար աջակցություն չեն ստանում, այս պատճառով նրանց համար դժվար է հաշմանդամությամբ երեխաներին պահել: Ծնողները երբեմն մանկատանն են թողնում ոչ այնքան ծանր խնդիրներով երեխաներին՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կփոխվի, եւ եթե հնարավորություն ունենան, երեխային ընտանիք կտանեն: Սակայն իրականում երեխաները, որպես կանոն, մնում են մանկատներում, քանի որ եթե նրանց եւ իրենց ծնողների միջեւ զգացմունքային կապ չկա, ծնողները նրանց չեն ձգտում եւ չեն ցանկանում նրանց մանկատնից վերցնել, նույնիսկ եթե նրանց մոտ իսկապես երեխաներին պահելու հնարավորություններ են ստեղծվում:

Ինչպես նշեց մասնագետը, Հայաստանի մարզերում իկրավիճակը ավելի վատթար է, քան Երեւանում, քանի որ հաշմանդամությամբ երեխաների ծառայությունների մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, իսկ դրանից դուրս ընտանիքների մեծ մասը մենակ է մնում իր խնդիրների հետ:

«Բոլոր երեխաները հավասար են ծնվում, սակայն ոմանք ծնվում են աղքատ ընտանիքներում… Եթե երեխան բարդ իկրավիճակում է, դա ընտանիքում խնդիրների առկայության հետեւանք է: Հետեւաբար անհրաժեշտ է ոչ թե սոսկ երեխայի հետ աշխատել, այլ առավել գլոբալ աշխատանքներ կատարել՝ փոխել քաղաքականությունը, օրենքները, անհրաժեշտ ծառայություններ ստեղծել»,- նշեց Գեղանուշ Գյունաշյանը: