Ամերիկյան Purdue Pharma դեղագործական ընկերությունը աչք է փակել այն փաստի վրա, որ իր դեղամիջոցով տարվել են թմրամոլները: Այս մասին նշվում է Արդարադատության նախարարության 2006 թվականի փակ հաշվետվությունում, հաղորդում է New York Times-ը:

Խոսքը «Օքսիկոնտին» դեղամիջոցի մասին է, որը գովազդվում էր որպես ավելի քիչ կախվածություն առաջացնող, քան ավանդական օփիոդային դեղերը: Մինչ այդ ընկերության ղեկավարությունը հաշվետվություններ էր ստանում այն մասին, որ դեղն օգտագործում են թմրամոլները, որ այն գողանում են դեղատներից եւ որ որոշ բժիշկների մեղադրում են դրա ընդհատակյա վաճառքի մեջ: Անգամ գրանցվել է դեղատուն կատարված զանգը հետեւյալ բառերով. «Փողոցներում «Օքսիկոնտինը» ամենալավն է, «վիկոդինն» այլեւս թրենդի մեջ չէ:

Այնուամենայնիվ ընկերության ղեկավարությունը շարունակել է պնդել, որ «Օքսիկոնտինը» քիչ կախվածություն  է առաջացնում, քան մյուս օփիոդները: Այդ ժամանակ դատախազները խորհուրդ են տվել քրեական  պատասխանատվության կանչել ընկերության երեք բարձրագույն ղեկավարներին ԱՄՆ-ի դեմ խարդախության համար, սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը համաձայնել էր վեճը մինչդատական կարգավորմամբ լուծել: Դատախազության նախկին աշխատակիցների խոսքով, նրանք գիտեին, որ ի վիճակի չեն Purdue Pharma-ի անվերջ ֆինանասական ռեսուրսներին հետ պայքար մղել եւ առաջարկել էին վեճը դատարանից դուրս կարգավորել՝ արգելելով  «Օքսիկոնտինի» գովազդը որպես անվտանգ միջոցի:

Բժիշկների նշանակած դեղերի չարաշահումները վերջին 20 տարիների ընթացքում մոտ 200 հազար ամերիկացիների կյանքեր են խլել: Ամեն օր գերդոզավորումից մահանում է մոտ 175 մարդ. ավելի շատ, քան հրազենային վնասվածքներից եւ ՃՏՊ-ից: ԱՄՆ-ում օփիոդային կախվածության դեմ պայքարի համար  առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: