Հայաստանի 4 մարզերից՝ Արարատից, Կոտայքից, Տավուշից եւ Լոռիից մոտավորապես 60 մայրիկ մայիսի 31-ին ժամանեցին Երևան՝ մասնակցելու «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի՝ փոքրիկի կողքին» քարոզարշավի ամփոփիչ փուլին և մրցելու մինչև երկու տարեկան երեխաների խնամքի, դաստիարակության, զարգացման թեմաների շուրջ: Մասնակից մայրիկներն, իրականում, բավական երկար ճանապարհ են անցել նախքան ամփոփիչ փուլ հասնելը: Նրանք առաջին փուլի ընթացքում մասնակցել են ծնողավարման հմտությունների ստուգման հետաքրքիր փորձի, հետո վերապատարստում են անցել մանկաբույժների օգնությամբ և եկել են Երևան՝ մրցելու և հաղթող ճանաչվելու միջոցառման 4 անվանակարգերից մեկում՝ ամենատեղեկացված թիմ, ամենաճարպիկ թիմ, ամենակրեատիվ թիմ, ամենահամախմբված թիմ:

Կանայք հիմնականում անսխալ էին պատասխանում կրծքով կերակրելու, սննդակարգի, երեխայի ռեժիմի եւ պատվաստումների հարցերին: Նրանք նաեւ որոշել են, թե երեխայի խնամքի թվարկված 17 պարտականություններից որոնք կարելի է հայրիկին վստահել: Ուշագրավ է, որ տարբեր թիմեր ընտրել են 17-ից միջինը 14 գործողություն՝ ներառյալ լվացքը, արդուկը, սնունդի պատրաստումը եւ նույնիսկ տակդիրը փոխելը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ ամփոփվել են «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» իրազեկման արշավի առաջին փուլի արդյունքները: Այս արշավի շրջանակում 2017 թվականի հոկտեմբերից 2018 թվականի ապրիլ վերապատրաստում է անցել 60 մանկաբույժ, 1200 ընտանիքում անցկացվել է գիտելիքների, ինչպես նաեւ ծնող-մանկաբույժ կապի գնահատում:

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ «մեկ մանկաբույժը կրթում է հարյուրավոր ծնողների՝ դրանով ազդելով հազարավոր երեխաների առողջության վրա»: «Սակայն, ըստ մեր դիտարկումների, ծնող-մանկաբույժ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել, եթե մանկաբույժը տիրապետում է այս ոլորտի նոր մոտեցումներին, պատրաստ է գիտելիքներով կիսվել ծնողների հետ եւ օժտված է ծնողների հետ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ գիտելիքների գրագետ փոխանցման հմտություններով»,- ասաց նա: ՀԿ ղեկավարի խոսքով՝ հայ մանկաբույժները ուսման եւ վերապատրաստման ընթացքում հիմնականում մասնագիտական գիտելիքներ են ստանում, սակայն ծնողների հետ հաղորդակցության հարցը մեր երկրում դեռեւս թույլ է մնում: Եվ հատկապես այս խնդրի լուծմանն է ուղղված տեղեկատվական արշավը, որն անցկացվել է հանրապետության մարզերից չորսում: Ծնողների իրազեկվածության գնահատման համար հարցաշարեր են կազմվել, որոնց պատասխանել են 564 մայրիկներ, որից հետո նրանց մանկաբույժները սեմինարների են մասնակցել: Այնուհետեւ յուրաքանչյուր մարզից 10 առավել իրազեկված մայրիկների թիմեր են կազմվել, որոնք էլ Երեւան են եկել մրցելու:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տատյանա Ռադոչայը նշեց, որ այսօրվա ծնողներին տեղեկությունները հասանելի են համացանցում: Նա, սակայն, խորհուրդ տվեց զգույշ վերաբերվել այդ տեղեկություններին: Նրա խոսքով՝ Հայաստանում դրական է այն, որ ծնողները մանկաբույժներին վստահում են, սակայն մանկաբույժների նոր սերունդը պետք է ձեռք բերի ծնողների հետ հաղորդակցության լավագույն հմտությունները, որպեսզի այդ վստահությունը պահպանի:

Նա հավելեց, որ անցկացված արշավի ժամանակ կուտակված փորձը կարող է փոխանցվել Հայաստանի մյուս մարզերին, ինչպես նաեւ կարող է օրինակ լինել Հայաստանից դուրս:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մերի Ներսիսյանը նշեց, որ Հայաստանում հիվանդների հետ բժիշկների հաղորդակցության հարցն իսկապես արդիական է, եւ «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» արշավի շրջանակում մանկաբույժների համար կազմակերպված սեմինարի ժամանակ նրանց սովորեցրել են, թե ինչպես ողջունեն եւ խոսեն մայրիկների հետ, նրանց հետ ինչպես կապ հաստատեն, նրանց համար հեղինակություն դառնան: Եվ ինչպես քրտնաջանորեն դա անել օրեցօր՝ չնայած հոգնածությանը, ցածր աշխատավարձին եւ այլն:

Մինչև 2018թ. ավարտը ծրագրի աշխատանքները կկենտրոնանան ՀՀ այլ մարզերում ևս՝ ամրապնդելու ծնող-մանկաբույժ կապը՝ հանուն յուրաքանչյուր երեխայի առողջության:

[gallery id=115]