ԱՄՆ Թեխասի նահանգի Քլիր Լեյք Շորսից 17-ամյա Ջարեդ Շամբուրգերը քիչ էր մնացել մահանար մարզադահլիճում 90 րոպե մարզումներից հետո: Նա մարզվել է ծանր քաշ բարձրացնելով, երբ հանկարծ մարմնում շատ ուժեղ ցավ է զգացել: Ավելի ուշ նրա մոտ ախտորոշել են ռաբդոմիոլիզ, որը կարող էր մահվան պատճառ դառնալ:

Շամբուրգերն իր ընտանիքի հետ մարզադահլիճ էր սկսել հաճախել վերջերս: Նրա հայրը եւ ավագ եղբայրը արդեն քանի տարի մարզվում էին՝ ծանր քաշ բարձրացնելով: Պատանին ձգտել է իր ցուցանիշներով նրանց հասնել, եւ այս ցանկությունը քիչ էր մնում նրա կյանքի գինն ունենար: «Ամբողջ մարմինս ցավում էր եւ այտուցվել էր»,- պատմել է նա:

Ջարեդի մոտ ցավն ու այտուցը չէին վերանում, ուստի նրա մայրը՝ Ջուդին, որոշել է ախտանշաններն ուսումնասիրել համացանցում: Պարզելով, թե նման վարժությունները որքան վտանգավոր կարող են լինել, նա զանգահարել է մանկաբույժին ու պատմել իր կասկածների մասին: Եվ պարզվել է, որ նա ճիշտ է:

Ջարեդը 5 օրով հոսպիտալացվել է ռաբդոմիոլիզով, որը կարող է առաջացնել վնասվածքը, ինֆեկցիան կամ մարզադահլիճում ուժեղ լարվածությունը: Կյանքի համար պոտենցիալ վտանգավոր այս հիվանդությունը կարող է մկանային հյուսվածքի քայքայում առաջացնել՝ թույլ տալով վնասված սպիտակուցին արյան մեջ անցնել, որն էլ, իր հերթին, քայքայում է երիկամները

«Որոշ դեպքերում սա կարող է անգամ մահվան հանգեցնել»,- նշել է Ջուդին:

Հիմա Ջարեդը վերականգնվում է եւ անկախ ամեն ինչից՝ պատրաստվում է մարզադահլիճ վերադառնալ: Նրա ընտանիքն այս պատմությունը հրապարակայնացրել է այն հույսով, որ ուրիշների համար նախազգուշացում կդառնա:

«Եթե նրա մոտ այդ նոպան չլիներ, եթե նա ոչ մի բան չասեր, եւ մենք քաղաքից հեռանայինք, ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ»,- ասել է Ջուդին: