Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի  Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը  հանդիպել են  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:     

Քննարկվել են հետագա ծրագրերն ակտիվացնելու, առողջապահական համակարգին անհրաժեշտ լուծումներ գտնելու ու մարզերում առկա կադրային խնդիրներին ուղղորդված մոտեցում ցուցաբերելու հարցեր:

Թրփանճեան  գյուղական զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրն ունի մի քանի ուղղություն: Մասնավորապես, աջակցում է բժիշկ շրջանավարտներին եւ ոլորտի փորձառու մասնագետներին՝ համայնքներում բացելու եւ գործարկելու մասնավոր, անհատական կաբինետ-կենտրոններ՝ օգնելով ցածր տոկոսադրույքով վարկերի դիմելու հարցում:

Արմենյանի փոխանցմամբ՝  իրենց օժանդակությամբ 11 տարվա ընթացքում շուրջ 350 բիզնես է ստեղծվել Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում: «Կարող ենք եւ պատրաստ ենք ծրագիրը երկարաձգել եւս մի քանի տարով՝  բարելավելու առողջապահական ծառայությունների որակն ու հասանելիությունը գյուղական տարածքներում»,-ասել է Հարություն Արմենյանը:

Ծրագրի շրջանակներում նաեւ վերապատրաստվում են բժիշկներն ու բուժքույրերը, մասնակցում ձեռնարկատիրությանն առնչվող դասընթացների:

Նկատի ունենալով մարզերում անհրաժեշտ կադրերի պակասն ու բուժհաստատությունների հեռավորությունը հատկապես գյուղական շրջաններից՝ Հարություն Արմենյանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ մասնակցություն եւ ներդրում ունենալու այս առումով իրականացվող փոփոխություններին:

Նախարար Թորոսյանը կարեւորել է ծրագրային ուղղություններն ու ընդգծել, որ դրանցով շեշտադրվող մի շարք նպատակների իրականացումն, իրոք, շատ կարեւոր է: Այս պարագայում անհրաժեշտ է առավել ուղղորդված դարձնել ջանքերն ու քայլերը: Թորոսյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցերում:

«Շատ կարեւոր է մոտիվացնել երիտասարդներին՝ գնալ աշխատելու մարզերում՝ անհատապես կամ խմբերով ներգրավելով նրանց բիզնես նախագծերում: Այս առումով քաղաքականության մշակման հարցում կարեւորում ենք ձեր աջակցությունը»,-նշել է Թորոսյանը: