Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանի 3 մարզերում՝ Լոռի, Տավուշ եւ Սյունիք, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտություններ իրականացնել: Այս հարցը քննարկվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Եվրասիական զարգացման բանկի ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի հանդիպման ընթացքում: Սքրինինգային ծրագիրն իրականացվելու է «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերին: Ձեռք է բերվել հետագա սերտ համագործակցությունն ապահովելու պայմանավորվածություն:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ծավալված համագործակցության եւ փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը:






