Քաղցկեղից մահացած դեւոնցի (Մեծ Բրիտանիա) 13-ամյա Շառլոտա Միթչելը մահից առաջ ընդունել է հետմահու դոնոր դառնալու որոշում, ինչի շնորհիվ օգնել է փրկել 15 մարդու կյանքը:
Շառլոտա Միթչելը մահացել է մայիսի սկզբին, ընդամենը 6 ամիս հետո, երբ բժիշկները նրա մոտ գլիոբլաստոմայի սարսափելի ախտորոշում են կատարել: Աղջիկն անգամ չի հասցրել բուժումը սկսել՝ հիվանդությունը նրան չափազանց արագ է քայքայել: Չնայած դրան, աղջիկը հասցրել է ընդունել օրգանների հետմահու դոնորության մասին որոշումը, եւ հիմա կարող է 15 մարդու կյանքը դրական ուղղությամբ փոխել:
Շառլոտայի 49-ամյա մայրը՝ Կարենը, պատմում է, որ դուստրը միշտ արդարության սրված զգացում ուներ: Նա ձգտում էր մարդկանց օգնել, ուստի ուրախությամբ է համաձայնվել դոնորությանը: Կինը վստահ է, որ մահացու հիվանդ մյուս երեխաների ծնողները նրանց հետ այս հարցը պետք է քննարկեն: Նշենք, որ ըստ Անգլիայի օրենքների՝ օրգաններն անհնար է վերցնել առանց դոնորի համաձայնության, իսկ դա նշանակում է, որ երեխաներն իրենք պետք է ընդունեն այդ դժվար որոշումը:
«Կարեւոր է, որ ծնողները երեխաների հետ խոսեն այս ընտրության մասին: Շառլոտան մեզ ասաց, որ ամեն ինչ հասկանում է ու ցանկանում է որեւէ մեկին ապրելու հնարավորություն տալ»,- ասել է նա:
Daily Mail պարբերականի տեղեկություններով՝ Շառլոտան կարողացել է դառնալ, սրտի ենթաստամոքսային գեղձի, երիկամների, ինչպես նաեւ եղջերաթաղանթի, մաշկի եւ ոսկորների դոնոր:
«Անկասկած, ինձ մխիթարում է այն, թե նրա օրգանները քանի մարդու կօգնեն: Դա միակ բանն է, որն ինձ զորավիգ է լինում»,- ասել է աղջկա մայրը:






