Հիվանդության եւ բուժման մասին Սուդանի ժողովրդի ավանդական հավատալիքները երբեմն խանգարում են արդյունավետ բուժմանը: Այս մասին NEWS.am Medicine- ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ միսիոներ Թոմ Քաթինան` Սուդանի Նուբայի լեռների միակ կլինիկայի միակ վիրաբույժը:
Ըստ նրա, մարդկանց ավանդական հավատալիքները հաճախ տարբերվում են գիտական, բժշկական պատկերացումներից: Շատ մարդիկ հիվանդանալով երկար ժամանակ տանն են մնաում, փորձում են բուժվել տնային միջոցներով կամ դիմում են հեքիմներին՝ առանց իսկական բուժում ստանալու: Երբ նրանք վերջապես գալիս են հիվանդանոց, շատ հաճախ ուշ է լինում, նրանց այլեւս անհնար է օգնելը:
Թոմ Քաթինան նաեւ պատմել է, որ Ավրորա մրցանակը, որը նա ստացել է անցյալ տարի, շատ բան է փոխել իր կյանքում. մրցանակի շնորհիվ Սուդանի «Գթասրտության մայր» հոսպիտալը մինչ այսօր շարունակում է գործել:
Քաթինան հիշեցրել է, որ անցյալ տարի, դեռ մինչ Հայաստան այցելելը նրանց հաջողվել էր հիվանդանոցի համար ռենտգենի համար սարք ձեռք բերել, իսկ վերջերս նոր գեներատոր են գնել հնի փոխարեն, որը վնասվել էր ջրհեղեղից:
Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017թ. մայիսի 28-ին։ Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտության նրանց փրկողների։
Քաթինան Հայաստան է ժամանել «Ավրորա 2018» մրցանակաբաշխությանը եւ դրան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։





