Առողջապահության 2017 թվականի ճշտված բյուջեն կազմել է 82,5 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջեի 5,5 տոկոս եւ ՀՆԱ 1,5 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ 2,1 մլրդ դրամ ծախսվել է դեղերի ձեռքբերման համար, արտահիվանդանոցային ծառայություններին հատկացվել է 26,5 մլրդ դրամ, հիվանդանոցային՝ 39,8 մլրդ դրամ: Հանրային առողջապահության ծրագրերի համար ծախսվել է 4,8 մլրդ դրամ եւ կից ծրագրերի համար՝ 7,1 մլրդ դրամ:
Պետությունը, մասնավորապես, դեղերով է ապահովել 178 հազար քաղաքացիների: Կենտրոնացված գնումների ճանապարհով 9 հիվանդությունների համար ձեռք է բերվել 51 անուն դեղամիջոց: Յոթ հիվանդությունների դեղերով ապահովումը կազմել է 100 տոկոս, երկու՝ 80-83 տոկոս:
2017 թվականին առողջապահության առաջնային օղակի վրա ծախսվել է 10,5 մլրդ դրամ: Պոլիկլինիկա-ամբուլատորային ծառայություն են մատուցել 350 բուժհաստատություններ: Տրամադրվել է 1 մլրդ դրամի դեղ:
Այլ արտահիվանդանոցային ծառայությունների համար՝ հեմոդիալիզ եւ պերիտոնեալ դիալիզ, ծախսվել է 2,2 մլրդ դրամ: Նախարարը նշեց, որ այս ծառայությունների կարիքն ունեցող հիվանդների թիվը ամեն տարի աճում է 5-10 տոկոսով: Ուստի 2017-ին այլ ոլորտներում տնտեսման հաշվին դիալիզի ծաառայությանը լրացուցիչ հատկացվել է 176 մլն դրամ:
Պետությունը նորածինների սքրինինգային ծրագրերի համար ծախսել է 209 մլն դրամ:
2017-ին հիվանդանոցային ծախսերը կազմել են 39,8 մլրդ դրամ, ներառյալ սոցփաթեթը: Ծառայություններ են ստացել 400 հազար հիվանդներ: Պետպատվեր են տրամադրել 120 բուժհաստատություններ, 60-ը՝ Երեւանում, 60-ը՝ մարզերում:
2017 թվականին սրտաբանական հիվանդությունների ծրագրերի շրջանակում մատուցվել է 3,5 մլրդ դրամի ծառայություն, օգնություն է ցուցաբերվել 7167 հիվանդների, որոնցից 3721-ին վիրահատություն է կատարվել: 1597 մարդ օգնություն է ստացել «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակում:
Մանկաբարձության ոլորտում ծախսերը կազմել են 6,4 մլրդ դրամ: Սպասարկվել է 54500 դեպք, որից 37800 ծննդաբերություն:
Հանրային առողջապահության համար ծախսվել է 4,8 մլրդ դրամ, ներառյալ իմունացումը, որը Հայաստանում կազմում է 90 տոկոս:
Դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի շրջանակում իրականացվել է 4465 հազար սքրինինգային հետազոտություն, շարունակվում է Արտաշատի եւ Սեւանի ԲԿ-ների վերանորոգումը, իսկ Վանաձորի ԲԿ-ն շուտով շահագործման կհանձնվի:






