Հայաստանում կներդրվի ռեֆերենսային լաբորատորիաների ցանց, եւ երկրում գործող բոլոր լաբորատորիաները պետք է այնտեղ ստուգման ուղարկեն իրենց հետազոտությունների 10 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանում լաբորատոր հետազոտությունների որակի մասին հարցին:
Պատգամավորը նշեց, որ շատերն են բախվել այն բանի հետ, որ Հայաստանում տարբեր լաբորատորիաներ տարբեր պատասխաններ են տալիս, երբեմն տրամագծորեն հակառակ:
Ի պատասխան՝ Արսեն Թոորոսյանը նշեց, որ խնդիրն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ կողմ: Օբյեկտիվ կողմն այն է, որ օրինակ՝ արյան ցուցանիշները մի քանի ժամում կարող են փոխվել: Այս պատճառով կարող են լինել թվային տարբեր նիշեր, եթե անալիզը տարբեր տեղերում հանձնվել է ժամանակի զգալի տարբերությամբ:
«Սակայն կա նաեւ սուբյեկտիվ կողմ, երբ մենք վստահ չենք, որ այդ հետազոտությունները ճիշտ են կատարվում»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ եթե ստուգվող եւ ռեֆերենսային լաբորատորիաների տվյալների միջեւ տարբերություն լինի, ապա անհրաժեշտ է պատճառը պարզել: Եթե լաբորատորիաները կարողանան պատճառը վերացնել, կշարունակեն աշխատել: Եթե ոչ՝ լիցենզիայից կզրկվեն:
«Այս գործընթացը եռամակարդակ կլինի, այսինքն՝ վերեւում կլինի ամենառեֆերենսային լաբորատորիան, եւ դա կլինի մեր պետական լաբորատորիան, որն արդեն կա, շատ հագեցած է, անհրաժեշտ կլինի եւս մի քանի սարքեր գնել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս հարցը մինչեւ տարեվերջ կլուծվի:
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Երկու տարուց հետո մենք կդառնանք այն բանի վկաները, որ ոչ մի լաբորատորիա լիցենզիայից չի զրկվել»,- ասաց նա՝ հավելելով, որ լաբորատորիաները չպետք է հետազոտությունների 10 տոկոսը փոխանցեն իրենց հայեցողությամբ, այդ դեպքում դրանք կատարյալ կլինեն, իսկ նախարարությունը պետք է դրանք վերցնի անսպասելի եւ ընտրողաբար:
Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ կկիրառվի կույր ընտրության մեթոդը, որը կիրականացվի իրական ժամանակում, առցանց: «Իսկ լիցենզիայից զրկել կամ չզրկելը քաղաքական կամքի հարց է, որը մենք ունենք»,- ասաց նախարարը:






