Կառավարության ներկայացրած ծրագրում ընդհանրապես բացակայում է սննդամթերքի անվտանգության հարցը: Այս մասին  հունիսի 5–ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը:

«Սա մեր անվտանգության, հանրային առողջության ու արտահանման վրա ուղղակիորեն ազդող կարեւորագույն ոլորտն է: Առավել եւս, որ մենք բազմաթիվ ու գլոբալ պրոբլեմներ ունենք այդտեղ: Եվ հիմա ինձ համար հարց է՝ այն կառավարության ծրագրում չներառելը պարզապես վրիպա՞կ է, որը կարող ենք միասին շտկել, թե՞ սկզբունքային մոտեցում», – ասաց նա։

Ըստ Դավիթ Պիպոյանի՝ Հայաստանում պարենի անվտանգությունն այսօր ավելի վատ վիճակում է, քան Խորհրդային Միության տարիներին: Առավել եւս՝ այս իրավիճակում անհանգստացնող է այն, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Սննդի անվտանգության պետական ծառայությունը չունի ղեկավար, նախկին ղեկավարի ազատումից հետո  նորը դեռ նշանակված չէ, ինչը նշանակում է, որ կառույցը փաստացի չի գործում:

«Սա այն ոլորտն է, որը ոչ մի օր անգամ չի կարող սպասել: Նոր կառավարությունն այս հարցում ունի շատ կարեւոր գործառույթ՝ չկրկնել նախորդ կառավարությունների սխալները»,- ասաց մասնագետը: