«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի է ունեցել Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիայի երկրորդ ժողովը. առաջին՝ հիմնադիր ժողովը տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ, եւ հիմա Ասոցիացիայի անդամները հավաքվել էին նախանշելու գործունեության հիմնական թիրախներն ու լուծելու ընթացիկ հարցեր:

Ասոցիացիայի անդամները ժողովի ընթացքում, մասնավորապես, ծանոթացել են կազմակերպության Կանոնադրությանը, որոշել են անդամավճարի չափը, ընտրել են վերահսկողական մարմինը եւ հաստատել լոգոն:

Նիստը բացելով՝ Ասոցիացիայի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ լաբորատորիայի բաժնի վարիչ Վահան Գեւորգյանը նշեց, որ կառույցի ստեղծման գաղափարը ծնվեց Հայաստանի լաբորատոր բժիշկների շրջանում բանավեճերի եւ քննարկումների ժամանակ։ Անհրաշեշտ էր մի գործիք, որը կօգնի լուծել բոլոր ընթացիկ հարցերը:

Նա հավելեց, որ այսօր Հայաստանում լաբորատորիաների մեծ տարատեսակություն կա՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր: Կան առանձին լաբորատորիաներ, կան նաեւ հիվանդանոցների կազմում: «Տարբեր են լաբորատորիաների զարգացման մակարդակը եւ հետազոտությունների որակը: Հետեւաբար մեր անկյունաքարն է փորձել Հայաստանի բոլոր լաբորատորիաների գործունեությունը բերել միասնական գնահատման դաշտ, այսինքն՝ փորձել ազդել հանրապետությունում հետազոտությունների որակի վրա: Իսկ մեր գլխավոր նպատակն է ստեղծել ռեֆերենսային լաբորատորիա, որտեղ բոլորս միասին կկարողանայինք ուս ուսի, սարքը սարքին ստեղծել տվյալների ազգային բանկ, եւ կառույց ունենալ, որտեղ անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել»,- ասաց նա։

Ըստ որում՝ Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, չպետք է լինի մեկ գերզինվածությամբ ռեֆերենսային լաբորատորիա, այլ դա պետք է լինի լաբորատորիաների մի ամբողջ ցանց, որոնք կանցնեն որակի արտաքին վերահսկողություն, որի արդյունքներին կարելի է վստահել:

Ժողովի մասնակիցներին ողջունեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը: «Ես վստահ եմ, որ Ձեր վաղեմի երազանքն էր Միություն ստեղծելը, որպեսզի լինեին ե՛ւ հորիզոնական, ե՛ւ ուղղահայաց կապեր: Դա կբերի մեր աշխատանքի որակի եւ մեր բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացման»,- ասաց նա: