NEWS.am.Medicine-ի ընթերցողների հարցերին պատասխանում է բժիշկ- էնդոկրինոլոգ Գայանե Օրբելյանը։
Եթե հնարավոր է, պատմեք խպիպ (զոբ) հիվանդության, վահանագեղձի հորմոնալ խանգարումների մասին, ինչքա՞ն ժամանակ է պետք L-տիրոկսին խմել, կարելի՞ է կարգավորել այս հարցը սննդի միջոցով։ Ա.Մ.
Ավաղ, հայերի մոտ վահանագեղձի հետ կապված ցանկացած խնդիր ասոցացվում է խպիպի հետ։ Ընդ որում խպիպը վահանագեղձի մշտական մեծացումն է, որը կապ չունի բորբոքումների կամ չարորակ գոյացությունների աճի հետ։ Այն ուղեկցվում է վահանագեղձի ֆունկցիոնալ ակտիվության փոփոխությամբ, որն այդ ընթացքում կարող է արտադրել մեծ, անբավարար կամ նորմալ քանակությամբ հորմոններ։ Այս բոլոր դեպքերում անհրաժեշտ է առանձին մոտեցում, առաձին բուժում։ Ասեմ, որ եթե վահանագեղձի ֆունկցիան խանգարվում է, ապա միայն սննդի միջոցով այն անհնար է կարգավորել։ Պետք է հստակ հետեւել բոլոր ցուցումներին եւ դեղորայքային բուժմանը։ Իսկ ինչ վերաբերում է հիպոտիրեոզի ժամանակ նշանակված L-տիրոկսինի, ապա այն ընդունում են մինչեւ կյանքի վերջ։
Խպիպի որ չափի հանգույցը կարող է վտանգավոր լինել՞։ Յ. Ա.
Դա շատ անհատական է։ Բայց հանգույցի առկայության դեպքում՝ անկախ իր չափից, անհրաժեշտ է դիմել բժշկի, հետազոտվել, ստուգել հորմոնները եւ կատարել վահանագեղձի սոնոգրաֆիա։ Այնուհետեւ անհրաժեշտության դեպքում բժիշկը բուժում կնշանակի։ Հետագայում սոնոգրաֆիա պետք է կատարել տարեկան երկու անգամ։ Հանգույցի վտանգն իր չափի մեջ չէ։ Այն կարող է փոքր լինել, բայց ավելի վտանգավոր։
Ինչո՞վ է պայմանավորված հայ աղջիկների մազոտ լինելը։ Ս. Ա
Ավելորդ մազ ունենալը (հիրսուտիզմ) ունի գենետիկական պատճառ։ Այն կապված է գենետիկական հատկանիշների հետ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Եթե այս վիճակը չի ուղեկցվում դաշտանային ցիկլի խախտումով, ապա շատ հաճախ բժշկական միջամտության կարիք չկա։
Ես կարդացել եմ ինտերնետում, որ գարեջուրը տղամարդկանց մոտ հորմոնալ փոփոխություններ է առաջացնում, եւ նրանց մոտ սկսում է կանացի կազմվածք առաջանալ։ Դա այդպե՞ս է, թե ոչ։ Եթե այո, ապա բացատրեք, թե ի՞նչ է կատարվում եւ ինչպե՞ս է գարեջուրը ազդում հորմոնների վրա։ Ա.Մ.
Գարեջրի մեջ կան շատ ֆիտոէստրոգեններ (իգական սեռի ներկայացուցիչների քիմիական անալոգներ)։ Օգտագործելով մեծ քանակությամբ գարեջուր՝ տղամարդու օրգանիզմում կանացի հորմոնի քանակը ավելանում է։ Տղամարդիկ իսկապես կանացի հատկանիշներ են ձեռք բերում։ Պակասում է մկանային զանգվածը, ուժը, նվազում են ճարպերը, առաջանում է, այսպես կոչված, «գարեջրային փորիկ» մեծանում են կրծքագեղձերը, նվազում են տղամարդկային կարողություննրը՝ մինչեւ իմպոտենցիա։ Սակայն այս խմիչքից լիովին հրաժարվելն էլ ճիշտ չէ։ Հետաքրքիր հետազոտություն են անցկացրել շոտլանդացի գիտնականները տղամարդկանց մի խմբի հետ 21 տարվա ընթացքում, ինչի ադյունքում ապացուցվել է, որ քիչ քանակությամբ (շաբաթական մոտ 350 մլ) գարեջուրը ոչ մի բացասական ազդեցություն տղամարդու օրգանիզմի վրա չի ունենում։
Պատրաստեց Յանա Ավչիյանը






