Այս տարի, մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 42, իսկ 2016-ին՝ 66 դեպք: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների ցուցանիշը 2017թ. համեմատ նվազել է 1.2 անգամ, 2016-ի համեմատ՝ 1.8 անգամ, ինչը պայմանավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաեւ ԶԼՄ-ի աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:

Այս տարվա առաջին 5 ամսում թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Հիմնական պատճառը  (56%) թունաքիմիկատներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառելն է, դրանց ոչ ճիշտ պահպանումը եւ մակնշումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման եւ պահպանման կանոնները, մասնավորապես՝

  • հետեւել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների եւ առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
  • չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
  • թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ եւ պահել առօրյա հագուստից առանձին,
  • տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
  • չպահել թունաքիմիկատները եւ հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
  • պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
  • չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
  • չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար,
  • պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս եւ թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
  • չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
  • պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
  • օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
  • չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ,
  • թունաքիմիկատ օգտագործելուց հետո օճառով լվանալ ձեռքերը եւ դեմքը՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
  • լվանալ աղտոտված մաշկը եւ հագուստը առատ ջրով եւ օճառով,
  • չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։