«Աստղիկ» բժշկական կենտրոնն ընդլայնում է ռադիոլոգիական բաժանմունքի հնարավորությունները: Այս նպատակով կլինիկա են հրավիրվել 2 նոր ռադիոլոգ բժիշկներ՝ ՄՌՏ մասնագետներ Գարիկ Հովհաննիսյանը եւ Ինգա Մինասյանը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Գարիկ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրում են «Աստղիկ» ԲԿ ՄՌՏ ծառայության աշխատաժամանակը մեծացնել: Բժիշկները հիմա 2 հերթափոխով կաշխատեն, որ հերթերը պակասեցնեն եւ հիվանդներին հնարավորություն տան հետազոտությունն անցնել իրենց հարմար ժամին, աշխատանքից հետո: Սռավել եւս, որ սա հիվանդանոցային ծառայություն է, այլ ոչ թե սոսկ ախտորոշիչ կենտրոն, եւ ցանկացած ժամանակ կարող է առաջանալ ՄՌՏ հետազոտության կարիք:
Նրա խոսքով՝ մինչեւ հիմա անհետաձգելի դեպքերում ՄՌՏ մասնագետին տանից են կանչել, իսկ հիմա նա հիվանդանոցում կլինի, կընդունի հերթագրված հիվանդներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում շտապ հիվանդներին: Չնայած, ինչպես հավելեց բժիշկը, ՄՌՏ-ն, ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ մասնագետները հիվանդանոցում հերթապահում են շուրջօրյա), անհետաձգելի հետազոտություն չի համարվում, եւ հազվադեպ է շտապ հետազոտության անհրաժեշտություն լինում, սակայն, այնուամենայնիվ, լինում է: Օրինակ՝ սուր կաթվածների դեպքում:
Գարիկ Հովհաննիսանը նշեց, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան երկարատեւ գործընթաց է, եւ մեկ հիվանդի հետազոտությունը տեւում է նվազագույնը կես ժամ, ինչի հետեւանքով էլ հերթեր են գոյանում: Երկու հերթափոխով աշխատելու դեպքում կարելի է հստակ, ըստ ժամերի գրանցել յուրաքանչյուր հիվանդի հաճախումը եւ հերթերից հնարավորինս խուսափել:
«Ժամը 09.00-ից մինչեւ 17.00 աշխատելու դեպքում հաջողվում է զննել գրեթե 25 հիվանդի, բայց քանի որ պահանջարկն ավելի մեծ է, մենք որոշել ենք աշխատաժամանակը մեծացնել, որ հետազոտությունների որակը չտուժի»,- ասաց նա:
Բժիշկը հիշեցրեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում է տեղադրված այսօրվա դրությամբ Հայաստանում միակ բարձրդաշտային ՄՌ տոմոգրաֆը՝ 3 Տեսլա մագնիսական դաշտի լարումով: «Իր որակական առանձնահատկություններով սա եզակի սարք է: Այն ծրագրային ապահովման տեսակետից մի շարք առավելություններ ունի 1,5 Տեսլա ՄՌՏ համեմատությամբ, սակայն դա չի նշանակում, որ 1,5 Տեսլա ՄՌՏ-ն վատ սարք է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ առանձնահատկությունները շատ կարեւոր են էպիլեպսիայի հետազոտության ժամանակ, կամ եթե հիվանդները երեխաներ են:
Գարիկ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե 3 Տեսլա սարքով հետազոտություններ անցկացնելու համար բժշկական կոնկրետ ցուցումներ կան, ապա բժիշկն այն կնշանակի, եւ հիվանդի ընտրության հարց չի դրվում: Իսկ եթե հարցը բժշկական տեսանկյունից սկզբունքային չէ, ապա հիվանդն ինքն է ընտրում՝ ելնելով հետազոտության գնից (3 Տեսլայով հետազոտությունն ավելի թանկ արժե): Եթե շտապ հետազոտություն է անհրաժեշտ, ապա այդ դեպքում ընտրության վրա կարող է ազդել նաեւ յուրաքանչյուր սարքի ծանրաբեռնվածության գործոնը:
«Բժշկական կենտրոնում տեղադրված են նորագույն ՄՌ տոմոգրաֆներ, որոնք հագեցած են մամոգրաֆիայի, սրտի, հոդերի, գլխի, փափուկ հյուսվածքների եւ այլ հետազոտությունների համար անհրաժեշտ ամեն ինչով»,- ասաց նա:








