Բազելի համալսարանի շվեյցարացի գիտնականները ստեղծել են ոսկրածուծի արհեստական նմանակ, որը կարող է ցողունային բջիջներ արտադրել այնպես, ինչպես դա անում է իսկական ոսկրածուծը:
Մասնագետները մշակման մեջ կիրառել են, այսպես կոչված, մեզենխիմալ բջիջները, որոնց հատուկ բիոռեակտորում միավորել են ծակոտկեն կերամիկական կարկասով: Երբ կենսաբանական հիմքը «սերտաճել» է արհեստական կարկասին, ստեղծված հյուսվածքը գործել է ճիշտ այնպես, ինչպես ոսկրածուծը՝ գրեթե 3 շաբաթ արտադրելով ցողունային բջիջներ, որոնք մասնակցում են արյան բջիջների ստեղծմանը: Ավելին՝ ստացված նյութը մոլեկուլային կառուցվածքով շատ նման է իսկական ոսկրածուծին:
«Նոր նյութի շնորհիվ մենք հիմա կարող ենք հիվանդներից բջիջներ վերցնել եւ ստեղծել արյան հիվանդությունների մոդելներ՝ ինչպիսին է, օրինակ, լեյկեմիան: Ըստ որում՝ մենք կարող ենք դա անել միջավայրում, որը կազմված է բացառապես մարդկային բջիջներից եւ պայմաններ է ներառում, որոնք կոնկրետ հիվանդին են հարմարեցված: Ավելին՝ մենք կկարողանանք իմանալ, թե ինչպես են հիվանդություններն ազդում արյան բջիջների տարբերակման վրա, ինչպես նաեւ պարզել՝ ինչպես վերականգնել իմունային համակարգի վնասված օրգանը»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Իվան Մարտինը:






