Այս խնդրի միակ լուծումը պատերազմներ չունենալն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ միսիոներ Թոմ Քաթինան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է լուծել վիրավոր զինծառայողների խնդիրը: Հունիսի 9-ին Քաթինան կնոջ՝ Նասիմայի հետ այցելեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կենտրոնն այցելեց նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Քանի դեռ պատերազմներ եւ դժբախտ պատահարներ են լինում, մեզ անհրաժեշտ են նման կենտրոնները: Եվ միակ բանը, որը մենք կարող ենք անել՝ հոգ տանել այդ մարդկանց մասին: Քենիայում մենք չունենք նման կենտրոններ, բայց կան շատ հիվանդներ, որոնք դրանց կարիքը ունեն», - ասաց Քաթինան:
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին կենտրոնի սրահները ցույց տվեց եւ ներկայացրեց դրա ստեղծման պատմությունը: Նրա խոսքով, հարյուրամյա պատմությամբ առաջին կլինիկական հիվանդանոցի շենքը, որտեղ այժմ գտնվում է կենտրոնը, հեծանների վրա էր կանգնած:
Արմեն Մուրադյանը Թոմ Քաթինային նվեր մատուցեց՝ հեծանի կտորից պատրաստված փորագրված նկար, որը ստեղծել են կենտրոնում բուժվող վիրավորները:
Հիշեցնենք, որ Քաթինան Հայաստան է ժամանել «Ավրորա 2018» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա վաղը՝ հունիսի 10-ին։
Թոմ Քաթինան փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է։
Ստանալով մեկ միլիոն դոլարի չափով «Ավրորա»-ի մրցանակը, Քաթինան այն կիսել է Աֆրիկյան բժշկական առաքելության հիմնադրամի (AMHF, ԱՄՆ), Aktion Canchanabury-ի (Գերմանիա) եւ Կաթոլիկ բժշկական առաքելության Խորհրդի (CMMB, ԱՄՆ) միջեւ: Նա նաեւ 100 000 դոլար անձնական մրցանակ է ստացել, որը խոստացել է ծախսել հիվանդանոցի կարիքների համար:





