Բարեբախտաբար, մեր երկրում մեզ համար շատ հաճելի փոփոխություններ եղան, բայց, ցավոք, կազմակերպչական առումով մենք տուժեցինք, մեր գլխավոր հովանավորը պարզապես հրաժարվեց ֆինանսավորել, եւ մենք ստիպված եղանք փոխել միջոցառման ձեւաչափը: Այս մասին հայտարարեց Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ Արամ Բադալյանը Երեւանում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, բացելով «Վահանձեւ գեղձի կովկասյան դպրոցը»:
Նա նշեց, որ ի սկզբանե նախատեսվում էր Եվրոպական դպրոց անցկացնել Իտալիայից եւ Գերմանիայից դասախոսների մասնակցությամբ, սակայն հովանավորի հրաժարվելու պատճառով, ստիպված եղան արագ փոխել միջոցառման ձեւաչափը եւ այն ավելի նեղ կազմով անցկացնել՝ ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ղազախստանից մասնագետների մասնակցությամբ:
Նա ավելացրեց, որ նման դպրոցները պարբերաբար անցկացվում են Ռուսաստանում, Սանկտ-Պետերբուրգում, բայց Հարավային Կովկասի տարածաշրջանում այն առաջին անգամ է անցկացվում, եւ արդեն մտադրություն կա այն ամեն տարի անցկացնել, հերթով՝ Երեւանում եւ Թբիլիսիում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Արամ Բադալյանը պարզաբանեց, որ դպրոցի հիմնական թեմաներն են՝ վահանաձեւ գեղձի քաղցկեղով հիվանդի ախտորոշումը, բուժումը, վարումը: «Բավական խնդիրներ կան մասնագետների գիտելիքների եւ հավակնությունների հետ: Մենք կփորձենք բացատրել, որ մենք բոլորս պետք է խոսենք նույն լեզվով, որպեսզի մեր ջանքերը ուղղվեն հիվանդների բուժմանը եւ ոչ թե հավակնություններին: Դրան մենք կհասնենք Դպրոցի շնորհիվ: Առաջին քայլն արված է, դա ուժեղ քայլ է եւ շարունակական կլինի», - ասել է նա:
Դպրոցի բոլոր մասնակիցները փաստել են խնդրի արդիականությունը` վահանձեւ գեղձի քաղցկեղի հիվանդացությունը աճում է ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում (այստեղ վահանձեւ գեղձի խնդիրը հատկապես արդիական է յոդի անբավարարության պատճառով), այլեւ ամբողջ աշխարհում: 1990-ականների համեմատ, հիվանդության մակարդակը եռապատկվել է: Ճիշտ է, փորձագետները նշում են, որ այս հարցում կարեւոր դեր է խաղում բարելավված, որակյալ ախտորոշումը:
Դրանից բացի փոխվում են բուժման մոտեցումները եւ այն, ինչ 70-80-ական թվականներին համարվում էր անփոփոխ, այսօր արդեն ենթակա է վերանայման: Ուստի անհրաժեշտ է փոխանակել կուտակված փորձը եւ համակարգել վահանաձեւ գեղձի քաղցկեղի բուժման մոտեցումները, որոնք պատմականորեն տարբեր երկրներում տարբեր կերպ են ձեւավորվել:
Մասնավորապես, NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Էնդոկրինոլոգիայի եւ էնդոկրին վիրաբուժության հյուսիսարեւմտյան կենտրոնի (ՍանկտմՊետերբուրգ) ղեկավար Իլյա Սլեպցովը նշեց, որ զեկույց է կարդալու վահանաձեւ գեղձի քաղցկեղի ամենատարածված՝ դիֆերենցված քաղցկեղի բուժման մոտեցումների փոփոխությունների մասին: Նրա խոսքով, եթե ուռուցքը վաղ փուլում է հայտնաբերվում, արմատական թիրեոիդէկտոմիա այլեւս չի պահանջվում, կարելի է հեռացնել վահանձեւ գեղձի մի կեսը եւ այնպես անել, որ մարդը սեփական հորմոններով ապրի:
«Որոշ փոքր ուռուցքները կարելի է ընդհանրապես չվիրահատել եւ հետեւլ, որովհետեւ ուռուցքի աճը եւ զարգացումը նկատվում է միայն հիվանդների 25 տոկոսի մոտ, իսկ մնացած 75-ը կարող են ապրել մինչեւ ծերություն եւ ազնիվ մարդու պես ինֆարկտից մահանալ եւ քաղցկեղը նրանց հետ կմահանա առանց այդ վիրահատության »,- ասաց նա:
Բժիշկը նշեց, որ իրենց ինստիտուտում թիրեոիդէկտոմիա կատարվում է ինչպես բաց, այնպես էլ էնդոսկոպիկ եղանակով, ընդ որում ոչ միայն պարանոցից, այլեւ թեւատակից եւ բերանից, ինչը թույլ է տալիս խուսափել տեսանելի սպիներից: «Այս վիրահատություններն ավելի տրավմատիկ են, քան պարանոցից, բայց կոսմետիկ են», - բացատրեց նա:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Բլոխինի անվան Ուռուցքաբանության կենտրոնի գլխի եւ պարանոցի քաղցկեղի բաժանմունքի վարիչ Ալի Մուդունովը հայտնեց, որ ախտորոշման հաջողությունների շնորհիվ վահանաձեւ գեղձի քաղցկեղն այժմ հայտնաբերվում է վաղ փուլում, բայց միեւնույն ժամանակ, մեծ թվով բժիշկների վատ տեղեկացվածության պատճառով բուժման ժամանակ սխալների թիվն աճում է: «Բուժման մարտավարությունն այսօր փոխվել է: Վաղ ախտորոշման շնորհիվ կարելի է օրգանապահպան վիրահատություններ կատարել, բայց պետք է հստակ հասկանալ՝ ում եւ ինչպես բուժել: Նման Դպրոցը հնարավորություն է տալիս տարբեր տարածաշրջաններից մասնագետներին շփվել վիճելի հարցերի շուրջ կարծքիներ փոխանակելու համար, եւ գալ կոնսենսուսի: Վիրահատական բուժման ժամանակ տարբեր մոտեցումներ կան: Բայց գլոբալացումն անդրադարձել է նաեւ բժշկական ոլորտի վրա. մոտեցումները ընդհանրացվում են», - ասաց նա:
Վրաստանի միջուկային բժշկության փորձագետ Նատալյա Շենգելիա դե Լանգեն վստահություն հայտնեց, որ Դպրոցը շատ բեղմնավոր կլինի: Նա նշեց, որ վրացի եւ հայ մասնագետների միջեւ շփումները շատ կարեւոր են, քանի որ մեր երկրներում վահանաձեւ գեղձի հիվանդությունների հետ կապված իրավիճակը գրեթե նույնն է:
Դանիլեւսկու Էնդոկրինոլոգիայի ինստիտուտից (Խարկով) Վադիմ Խազիեւը տեղեկացրեց, որ Ուկրաինայում վահանաձեւ գեղձի քաղցկեղի խնդիրը շատ արդիական է դարձել Չեռնոբիլի վթարի հետեւանքով: Նրանց կենտրոնը տարեկան 2000 վիրահատություն է կատարում, եւ նա եկել է այստեղ, այլ դպրոցների ներկայացուցիչների հետ շփվելու եւ նրանց փորձը վերցնելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր Էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանի խոսքով, շատ լավ է, որ դպրոցը կազմակերպված է Հայաստանում, այն հնարավորություն կտա հայ մասնագետներին ռուս գործընկերների հետ բազմաթիվ հարցեր համակարգել:













