Տեսեք, թե ինչ է ասում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, գրել է իր էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, եր մեջբերել ԱՀԿ, Եվրոպական տարածաշրջանի Վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Մասուդ Դարայի կարծիքը.

«Տուբերկուլոզը հաճախ սկսվում է առանց արտահայտված ախտանիշների, որը կարող տևել շաբաթներ կամ ամիսներ: Հետևաբար ընտանիքի անդամները կարող են վարակվել նախքան տվյալ դեպքի հայտնաբերումը: Հայտնաբերումից հետո կարող է իրականացվել հիվանդ ծնողի հիվանդանոցային բուժում, այդպիսով մեկուսացնելով նրան ընտանիքից բժշկական նկատառումներից ելնելով, սակայն երեխաների մեկուսացում` նրանց սանատոր-կուրորտային բուժման ուղարկելով խորհուրդ չի տրվում: Այս երևույթը կհանգեցնի ստիգմատիզացիայի՝ բացասական անդրադառնալով երեխայի հոգեկան առողջության վրա, միաժամանակ արդյունավետ չլինելով տուբերկուլոզի կանխարգելման կամ բուժման տեսանկյունից: Տուբերկուլոզով հիվանդի հետ սերտ կոնտակտ ունեցած երեխաները պետք է անցնեն համապարփակ հետազոտություն ակտիվ տուբերկուլոզը բացառելու նպատակով: Կարելի է նաև նրանց նշանակել կանխարգելիչ բուժում ամբուլատոր պայմաններում: Նշյալ նկատառումներից ելնելով ԱՀԿ կողմից երեխաներին սանատոր-կուրորտային բուժման նշանակում խորհուրդ չի տրվում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտնաբերել էր, որ տուբերկուլոզի առողջարանային բուժման համար պետությունը տարեկան մոտ 480 մլն գումար է հատկացնում, այն դեպքում, երբ Հայաստանում խնդիր կա ուղղակի մարդկանց կյանքեր փրկելու։ Նա ասել էր, որ այդ կազմակերպությունների հետ պայմանագրերը կվերանայվեն։