Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն իրեն ենթարկեց վազէկտոմիայի (վազոռեզեկցիայի) եւ, ինչպես ինքն է ասում, «փակեց երեխաների գործարանը»: Ռոնալդոն միակ ֆուտբոլիստը չէ, ով կատարել է վազէկտոմիա. Ֆուտբոլի արքա Պելեն դիմեց վիրաբույժներին, երբ ծնվեց իր չորրորդ երեխան:
Իսկ թե ինչպես են վերաբերվում Հայաստանում այս երեւույթին, ինչ է այն իրենից ներկայացնում եւ հնարվոր է արդյոք վերարտադրողական ֆունկցիայի վերականգնում վիրաբուժական բեղմնականխումից հետո. այս մասին է NEWS.am Medicine –ի զրույցը «Շենգավիթ» ԲԿ-ի Ընդհանուր, ուռուցքաբանական եւ լապարասկոպիկ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանի հետ:
- Աշխարհում կան թեմաներ, որոնք հետաքրքիր են կանանց, բայց այդ հետաքրքրությունը խիստ կերպով թաքցվում է ՝ արական սեռի ներկայացուցիչների ենթադրյալ բացասական արձագանքի պատճառով: Շատ շնորհակալ եմ, որ որոշեցիք զրուցել շատերի համար տաբու հանդիսացող թեմաներից մեկի շուրջ: Մենք վերջապես համարձակվեցինք բարձրաձայնել մի հարց, որը հետաքրքիր է բոլորին, սակայն մարդիկ խուսափում են հարցեր տալուց` անհարմար վիճակի մեջ չընկնելու համար:
Չե՞ք վախենում «հակահայրենասերի» տպավորություն թողնելուց:
- Կանխատեսելով «առաջադեմ» ընթերցողների մեծ մասի դժգոհությունը, ուզում եմ միանգամից հերքել հակահայրենասիրության եւ ինչ-որ ավելի վատ բանում մեղադրանքները: Մասնագիտության բերումով ինձ կարելի է նման թեմաներ քննարկել, քանի որ ես ուրոլոգ եմ: Իմ մասնագիտական գործունեությունն իր մեջ ներառում է զույգերի հետ սեռական ոլորտին եւ ընտանիքի պլանավորմանը վերաբերող հարցերի քննարկում: Ցավոք սրտի, մեր ազգի մեծ մասն այս հարցում քիչ է կրթված:Այս ոլորտի գիտելիքների մակարդակը շատ ցածր է, եւ դա բացասաբար է անդրադառնում ե՛ւ տղամարկանց, ե՛ւ կանանց առողջության վրա: Այն հասկացություններն ու պատկերացումները, որոնցով առաջնորդվում են մեր ազգակիցները սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաեւ անցանկալի հղիության կանխարգելման մեթոդները, երբեմն հակաբնական եւ նույնիսկ հակաֆիզիոլոգիական են: Թվում է, եթե գույություն ունի պահպանակ, ապա էլ ինչ ուրիշ մեթոդների մասին կարող է խոսք գնալ: Տեսեք, որ այդպես չէ` ոմանց համար դա տհաճ է, իսկ ոմանց համար էլ ուղղակի անընդունելի, ինչի պատճառով էլ զույգերը այնպիսի տարբեր հնարքների են դիմում, որ սատանան էլ գլուխ չի հանի: Ահա այստեղ էլ բավականին խորը թաքնված է այն պատճառը, թե ինչու մենք սկսեցինք այս խոսակցությունը:
Շատ տղամարդկանց համար, «ստերիլիզացում» բառը հաստատ հնչում է որպես «ամորձատում»...
- Ուզում եմ միանգամից բացահայտել տղամարդկային ստերիլիզացման հետ կապված առասպելները եւ ուրախացնել. ստերիլիզացումը նույն ամլացումը չէ, ինչպես մտածում է կանանց եւ տղամարդկանց մեծամասնությունը: Դա ոչ թե ամորձատում է, այլ անցանկալի հղիության կանխարգելման մեթոդներից մեկը: Որպեսզի անունը այդքան վախենալու չհնչի տղամարդու համար, այն անվանում են նաեւ վիրաբուժական բեղմնականխում: Մեթոդի էությունը սերմնատար ծորանների հատումն է, որոնցով «չարաճճի» սպերմատոզոիդները դուրս են գալիս ամորձիներից եւ խառնվում սերմի այլ բաղադրիչների հետ, այսինքն՝ վազոտոմիա, կամ նրանց մի մասի հեռացումը՝ վազէկտոմիա (վազոռեզեկցիա): Այսպիսով ամորձիների ֆունկցիան ամբողջությամբ պահպանվում է, պահպանվում է նաեւ սերմնաժայթքումը (էյակուլյացիան), այն միակ տարբերությամբ, որ ստերիլիզացումից հետո սերմը սպերմատոզոիդներ չի պարունակում, եւ հետեւաբար ունակ չէ հղիություն առաջացնել:
Ինչքանո՞վ է անվտանգ բուն վիրահատական բեղմնականխման միջամտությունը:
- Մեթոդը բացարձակ անվնաս է, իրականացվում է տեղային անզգայացմամբ 10-15 րոպեի ընթացքում, փոշտի յուրաքանչյուր կեսի վրա արված երկու փոքր՝ 1,0 սմ կտրվածքների միջոցով:
Ինչո՞ւ, այդ դեպքում, այս եղանակն այդքան էլ տարածված չէ:
- Լինելով շատ արդյունավետ մեթոդ, այնուամենայնիվ, ստերիլիզացումը չգտավ իր տեղը որպես բեղմնականխման տարածված մեթոդ: Շատ երկրներում դա պայմանավորված է ընտանիքի եւ տղամարդու մասին ավանդական մտածելակերպով, էթնիկ կամ կրոնական պատկերացումներով կամ մտածելակերպի առանձնահատկություններով: Քիչ կարեւոր չէ, որ պետք է հիվանդանոցում անցկացնել մի քանի ժամ եւ ենթարկվել վիրահատության, որքան էլ այն փոքր լինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ շատ քչերն են ընդհանրապես լսել նման բանի մասին, եւ դեռ երկար ժամանակ այս մեթոդը, որպես բեղմնականխման եղանակ, կմնա ստվերի տակ:
Կան արդյո՞ք ցուցումներ եւ հակացուցումներ տղամարդկանց ստերիլիզացման համար:
- Բժշկական ցուցումներով այս վիրահատությունն իրականացվում է ամորձիների վարակային բորբոքումների կանխարգելման համար: Հակացուցումները շատ քիչ են, օրինակ՝ երիտասարդ տարիքը:
Դարձելի է արդյո՞ք վիրահատական բեղմնականխման մեթոդը:
- «Վիրահատական բեղմնականխումը անդարձելի պրոցես է»: Ահա եւս մեկ առասպել այս մեթոդի մասին: Բացարձակապես այդպես չէ: Առաջին հերթին, տղամարդը կարող է հայր դառնալ արհեստական բեղմնավորման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, չէ որ նրա ամորձիները բնականոն գործում են, իսկ երկրորդ հերթին էլ, ցանկության դեպքում, կարելի է կատարել կրկնակի վիրահատություն, վերականգնելով սերմնատար ուղիների անցանելիությունը: Իհարկե դա ավելի թանկ արժե, քան վազոռեզեկցիան, բայց շատ երկրներում կան ուրոլոգներ , որ միայն այսպիսի վիրահատություններ են կատարում եւ ուրիշ ոչինչ՝ օրական 10-15 ստերիլիզացում եւ վերականգնում: Այս մեթոդը մասնավորապես շատ տարածված է Հոլանդիայում, որտեղ տղամարդկանց մոտավորապես 10% ստերիլիզացված է, իսկ ամբողջ աշխարհում մոտավորապես 20 միլիոն զույգ ընտրել է հղիությունից պաշտպանվելու այս միջոցը: Բայց ակնահայտ է, որ այս մեթոդը չի կարող պաշտպանել վարակներից:
Եվ որպես վերջաբան...
- Մենք ՝ բժիշկներս, մեր հայրենակիցների ուղեղներում հեղաշրջում կատարելու որեւէ ցանկություն չունենք, մենք հասկանում ենք , որ «հայեցի» լինելն իր մեջ կարող է ներառել նման վերաբերմունք ստերիլիզացման այս մեթոդի հանդեպ: Բայց մենք պարտավոր ենք տեղեկացնել, որ անցանկալի հղիության հարցն արդեն լուծված է, եւ նույնիսկ շատ արդյունավետ կերպով: Հայ ընտանիքը իրավունք ունի պաշտպանվելու այնպիսի զազրելի երեւույթից, ինչպիսին աբորտն է, եւ եթե մեզ հաջողվի գոնե մեկ կին փրկել այդ իրական տանջանքից, ապա մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը:
Զրուցեց Յանա Ավչիյանը






