«Եթե ընտանիքի մայրը առողջ է, առողջ է ամբողջ ընտանիքը»,- պնդում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը՝ ընտրելով այս կարգախոսը որպես կենտրոնի նշանաբան։ Նա բարձրաձայնել է այն մայիսի 15 - ին  նշվող ընտանիքի պաշտպանության օրվա նախօրեին կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ։

Նա հայտնել է, որ 1997թ-ից կենտրոնում իրականացվել է 350 հազար հետազոտում։ Դրանցից 185 հազարը՝ կանանց կրծքագեղձի հետազոտում։ 9000-ի դեպքում հայտնաբերվել է չարորակ ոռուցք։ 4000՝ հիվանդության վաղ փուլում է եղել, երբ հնարավոր է կանգնեցնել հիվանդության զարգացումը՝ ծանր հետեւանքներ թույլ չտալու համար։ «Այս 4 հազար կանայք առողջ կլինեն եւ հուսեվ ենք, որ կրծքագեղձի քաղցկեղից չեն մահանա»,- հույս  հայտնեց Խաչանուշ Հակոբյանը։ «Մի անգամ ինձ մի կին մոտեցավ եւ ասաց. «Չգիտեմ անիծեմ Ձեզ, թե շնորհակալ լինեմ։ Ես հեռուստատեսությամբ տեսա Ձեր ելույթը եւ եկա հետազոտման։ Արդյունքում ինձ մոտ վաղ շրջանի քաղցկեղ հայտնաբերվեց»։ Վիրահատությունից հետո որոշ ժամանակ անց այդ կինը կրկին եկավ ինձ մոտ. արդեն երախտապարտությամբ»,-  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Խաչանուշ Հակոբյանը՝ բոլոր կանաց ուշադրությունը հրավիրելով իրենց իսկ առողջության վրա եւ խորհուրդ տվեց հետազոտվել տարեկան մեկ անգամ, քանի որ կրծքագեղձի քացկեղը դեռեւս շարունակում է մնալ առաջատար դիրքերում ինչպես Հայաստանում, այդպես էլ ամբողջ աշխարհում։

Կենտրոնում առկա ժամանակակից տեխնիկան, որը ներմուծվել է երկու տարի առաջ եվրոպական առաջատար երկրներից, տրամադրում է հավաստի տվյալներ։ Սարքավորումները այնքան զգայուն են, որ, ինչպես նշեց Խաչանուշ Հակոբյանը, անգամ լրագրողներն ու այլ մասնագիտության տեր մարդիկ կարող են նկատել ուռուցքի օջախը։ Եթե նախկինում կենտրոնը միայն մասնագիտացված էր կանանց առողջության վրա, ապա հիմա այստեղ կարող են հետազոտվել նաեւ ընտանիքի մյուս անդամներն էլ՝ երեխաները, տղամարդիկ։

[gallery id=29]