Քոլեջի ուսանող ամերիկահայ Րաֆֆի Դադայանը մի միջոց է գտել՝ Հայաստանի երիտասարդներին օգնելու համար, հայտնում է «Ասբարեզ»-ը։

«Աշխարհի աղքատ վայրերում՝ այդ թվում նաեւ Հայաստանում, սովորաբար մոռանում են ատամների հիգիենայի մասին, եւ պատճառն այն է, որ բնակչությունն ունի ավելի  հրատապ խնդիրներ, օրինակ օրական սնունդ ապահովելը, կացարանը եւ հագուսը։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ ատամները օրական երկու անգամ երկու րոպեով մաքրելը առաջնահերթությոնների ցանկում չէ»,- բացատրել է Րաֆֆին, ով Դեւիսում Քալիֆորնիայի համալսարանում ուսումնասիրում է նյարդաբանություն, ֆիզիոլոգիա եւ վարքագիծ։ «Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել բերանի խոռոչի հիգիենայի բացակայության վրա ու հայրենիքում բարձրացնել ատամնաբուժական առողջության մասին տեղեկացվածությունը եւ բացատրել դրա կարեուորությունը»։

2012թ. ձմռանը Րաֆֆին համաձայնագիր է ստորագրել Քալիֆորնիայի Բերկլիում հիմնված Փարոս բարեգործական հիմնադրամի հետ «Ադաամ. Առողջ ատամներ» ծրագիրը ստեղծելու համար։ Ծրագրի նպատակն է Հայաստանի համեմատաբար աղքատ գյուղերում երեխաներին բաժանել ատամի խոզանակ եւ մածուկ։ 2013թ գարնանը, ավելի քան 2000 պարագա է հավաքվել Լոս Անջելեսի հայ ատամնաբույժներից, իսկ նույն տարվա ամռանը Փարոս հիմնադրամի կողմից կազմակերպված ՍԵՐՎԻՍ Հայաստան 2013 խումբը բաժանել է այս ամենը Սեւանա լճի արեւելյան վեց գյուղերում ապրող 6-13 տարեկան երեխաներին։

«Առաջին հաջողություններով ոգեշնչված, Ադաամ ծրագիրը ավելի բարձր նպատակներ է իր առջեւ դրել 2014թ-ի համար»,- հայտարարել է Րաֆֆին, ով այս գործում ներգրավել է նաեւ Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին։ Ռոուզ եւ Ալեքս Փիլիպոս դպրոցի տնօրեն Սյուզի Հովհաննիսյանը շատ ուրախ էր իմանալ այս ծրագրի մասին, որը ժպիտներ կպարգեւի Հայաստանի աշակերտներին։

Ռոուզ եւ Ալեքս Փիլիպոս հայկական դպրոցը ոչ միայն ուսումնական կենտրոն է, այլեւ հայկական համայնքի մի միջավայր։ Ամբողջ դպրոցը մասնակցում է այս ծրագրին։ Ուսանողական խորհուրդները իրենց առջեւ նպատակ էին դրել հավաքել ոչ պակաս, քան 500 ատամի մածուկ եւ 500 ատամի խոզանակ։

Ատամնաբույժներն ու ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են նվիրաբերել ատամնաբուժական ապրանքներ, ինչպիսիք են ատամի խոզանակներ, մածուկներ, բերանի ողողման համար նախատեսված լուծույթներ, ատամնաթելեր, կարող են կապվել Րաֆֆիի հետ [email protected] էլ. հասցեով։