«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ («Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա) տնօրենի պաշտոնակատար Միքայել Գևորգյանը պաշտոնից հեռանալու մասին դիմում է գրել։ NEWS. am Medicine –ին հայտնի է դարձել, որ նա անցած շաբաթվա վերջին է դիմում գրել։
NEWS. am Medicine –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Միքայել Գևորգյանը հաստատել է, որ հրաժարական է տվել։ Խոսելով պատճառների մասին, որոնք նրան դրդել են դիմում գրել, նա նշել է, որ ծանոթանալով կլինիկայի գործերին՝ հասկացել է, որ ինքը չի կարող այնտեղ աշխատել։
Այն հարցին, արդյոք նա նախկինում կատարված խախտումներ է հայտնաբերել, Միքայել Գևորգյանը նշել է, որ ոչ, ու խնդիրը ոչ թե դա է, այլ հոգեբուժության ոլորտի սպեցիֆիկան։
Հիշեցնենք, որ Միքայել Գևորգյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել հունիսի 8-ին, այն բանից հետո, երբ նախկին տնօրեն Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։
Միքայել Գևորգյանն իր առաջին կրթությամբ ատամնաբույժ է։ Հետագայում նա ստացել է առողջության կազմակերպչի որակավորում, դասավանդել է Երևանի բժշկական համալսարանում ու Առողջապահության ազգային ինստիտուտում։ Ավելի վաղ նա ղեկավարում էր Հատուկ (Ուսանողական) պոլիկլինիկիկան, որը լուծարվել է նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի օրոք։






