Հայաստանում պաշտոնապես գրանցված է 6524 թմրամոլ, որոնց 62 տոկոսը կազմում են 30-50 տարեկանները։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս  Սեմերջյանը հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ թմրամոլների 19 տոկոսը 50-64 տարեկաններն են, 17 տոկոսը՝ 15-27  տարեկանները; Բացի դրանից կա թմրադեղերից կախում ունեցող 76 մարդ, որոնք 65 տարեկանից մեծ են, ու ընդամենը 7 մարդ՝ 18 տարեկանից փոքր։

Մինչդեռ փորձագետը չի բացառել այն, որ իրականում երիտասարդ թմրամոլների քանակը զգալիորեն ավելի շատ է, քանի որ  բուժման համար սովորաբար երկար տարիների փորձ ունեցող թմրամոլներն են դիմում։

Թրմամոլների քանակով առաջատարությունը պահպանում է Երևանը՝ 52 տոկոս, երկրորդ տեղում Արմավիրն է՝ 12 տոկոս։ Նշվել է, որ Հայաստանում առավել տարածված է կանեփից պատրաստվող թմրադեղերի գործածումը՝ մարիխուանա, հաշիշ, հաշիշի յուղ։ Դրանք գործածում են  պաշտոնապես գրանցված թմրամոլներից 4065-ը։ Երկրորդ տեղում հերոինն ու այսպես կոչված «չերնյաշկան» է։ Ընդամենը երեք թմրամոլ է նախապատվություն տալիս կոկաինին։

Սեմերջյանի խոսքով՝ թմրամոլությունից կախման բուժման տևողությունն անհատական է ու կազմում է 10-40 օր, որից հետո հիվանդն ամբողջովին ազատվում է կախումից։ Սակայն ըստ վիճակագրության՝  բուժում անցածների միայն 20 տոկոսը չի վերադառնում նախկին կործանարար սովորություններին։  Դա պայմանավորված է նրանով, որ նախկին թմրամոլը սովորաբար շարունակում է շփվել իր նախկին շրջապատի հետ, որտեղ թմրադեղերի գործածումը նորմա է համարվում։

Սեմերջյանը նշեց, որ Հայաստանը, ԱՊՀ-ի համեմատ,  թմրամոլների ամենաքիչ քանակ ունեցող երկրներից  է։ Իրանում նրանց թիվը կազմում է 3․5 միլիոն մարդ, Վրաստանում՝ 400 հազար։ Փորձագետը չի բացառում, որ Հայաստանում կարող են ավելի շատ թմրամոլներ լինել, քանի որ պաշտոնապես գրանցվում են միայն նրանք, ովքեր կամ իրենք են դիմում բուժման կամ էլ նրանց իրավապահ մարմիններն են ուղարկում ( թմրադեղերի ապօրինի իրացման կասկածանքների դեպքում կարող է անալիզ վերցվել՝  արյան մեջ թմրանյութերի առկայությունը պարզելու համար)։

Հավելենք, որ հունիսի 26-ին նշվում է թմրադեղերի չարաշահման ու դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։