Հայաստանի ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը բացասաբար է գնահատում հանրապետությունում մարիխուանայի օրինականացման հնարավորությունը։ NEWS. am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ այդ քայլը վաղաժամ է համարում Հայաստանի համար

«Այս հարցի շուրջ իմ անձնական կարծիքը բացասական է։ Թմրադեղերի չարաշահումը, այդ թվում կանեփի, արգելված է միջազգային հռչակագրերով, որոնք վավերացրել է հանրապետությունը»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ մյուս երկրները գնացել են մարիխուանայի օրինականացմանը, որպեսզի մեղմեն այն իրավիճակը, երբ մեծ քանակությամբ թմրամոլներ կան, որոնք չարաշահում են կանեփը, ու երկիրն ի վիճակի չէ ամբողջովին արմատախիլ անել տվյալ երևույթը։ Այն պայմաններում, երբ անհնար է թմրանյութերի բոլոր սիրահարներին բանտ նստեցնել կամ էլ բուժման ուղարկել, իշխանությունները ստիպված են լինում գոնե որևէ ելք գտնել։

«Երբ երկրները հասկանում են, որ չեն կարող հակազդել այդ երևույթին, նրանք փորձում են քայլեր իրականացնել իրավիճակը մեղմելու ուղղությամբ»,- ասել է Սեմերջյանը։

Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում մարիխուանայի օրինականացման հարցը օրակարգային չէ ։ Վերջին տվյալներով՝ հանրապետությունում պաշտոնապես գրանցված է 6524 թմրամոլ, որոնց 62 տոկոսը 30-50 տարեկաններն են։ Թմրամոլների քանակով առաջատար է մնում Երևանը՝ 52 տոկոս, երկրորդ տեղում Արմավիրն է՝ 12 տոկոսով։ Հայաստանում առավել տարածված են  կանեփից պատրաստված թմրանյութերը՝ մարիխուանան, հաշիշն ու հաշիշի յուղը՝ դրանք գործածում է 4065 մարդ ՝ պաշտոնապես գրանցված թմրամոլների ընդհանուր թվից։

Աշխարհի առաջին երկիրը, որը ամբողջովին օրինականացրել է մարիխուանան, Ուրուգվայն է ։ Մարիխուանայի աճեցումը, վաճառքը, գնումը ամբողջովին ապաքրեականացնող օրինագիծ է ընդունվել   Սենատի կողմից 2013-ի դեկտեմբերի 10-ին։ 

2018-ի հունվարի 1-ի դրությամբ ամբողջովին օրինականացված է կանեփի թե բժշկական, թե ռեկրեացիոն գործածումը ԱՄՆ մի շարք նահանգներում ու տարածքներում՝ Ալյասկա, Վաշինգթոն, Քալիֆորնիա, Կոլորադո, Մասաչուսեթս,,Մեն, Նեւադա, Օրեգոն ու Կոլումբիա օկրուգ։ Մարիխուանայի բժշկական գործածումը թույլատրված է ԱՄՆ 20 նահանգներում, նաև Խորվաթիայում, Իսրայելում, Լեհաստանում ու Հունաստանում։ Ընթացիկ տարվա հունիսի 19-ին Կանադայում ընդունվել է օրենք, որը թույլատրում է մարիխուանայի գործածումը երկրի ամբողջ տարածքում։

Անցած տարի Վրաստանի Սահմանադրական դատարանն  ապօրինի է ճանաչել մարիխուանայի ու կանեփի գործածման համար քրեական պատիժը։