Հունիսի 28-ին թիվ 19 պոլիկլինիկայի բուժանձնակազմի ներկայացուցիչները Երևանի քաղաքապետարանում հանդիպում կունենան մայրաքաղաքի աշխատակազմի առողջապահական վարչության ղեկավար Կամսար Բաբինյանի հետ։ Այս մասին NEWS. am Medicine –ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը։
Ուշագրավ է, որ անձնակազմի այն մասը, որը շարունակում է գործադուլը տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ, նույնիսկ տեղեկացված չի եղել գալիք հանդիպման մասին ու դրա մասին լրիվ պատահաբար է իմացել։ Վարդանյանը չի բացառել, որ տվյալ տեղեկության քողարկումը պոլիկլինիկայի ղեկավարության կողմից միտումնավոր քայլ է եղել:
Ցուցարարների վրա ճնշումներ գործադրելու փորձեր նախկինում էլ էին ձեռնարկվել։ Նախօրեին գործադուլ հայտարարած անձնակազմին տնօրենի կողմից պահանջ էր փոխանցվել՝ բացատրագրեր ներկայացնել հունիսի 25-ին ՝ բողոքի ակցիայի օրը, աշխատանքի չներկայանալու մասին։
Վարդանյանը նշեց, որ տնօրենի կողմից չարաշահումներն արդեն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից՝ քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես խոսքը արդեն 1․5 տարի չաշխատող մամոգրաֆիայի սարքի մասին է։ Չնայած դրա անսարքությանը` ամեն ամիս հսկիչ դրամարկղային կտրոններ էին տրամադրվում իբրև իրականացված մամոգրաֆիական հետազոտությունների համար։
Բացի դրանից՝ ամեն ամիս բժիշկների աշխատավարձերից զգալի գումարներ էին պահվում ՝ որպես «նալոգ» տնօրենին։ Վարդանյանի խոսքով՝ ստացվել էին գանգատներ նաև այն մասին, որ տնօրենը աշխատանքի էր ընդունում փողի դիմաց։ Մասնավորապես գինեկոլոգի աշխատանքը գնահատվում էր 10-12 հազար դոլար, թերապևտի, ակնաբույժի ու բուժքույրերինը՝ 1500-3000 դոլար։
Ամսվա սկզբում որոշ աշխատակիցներ հանդիպել էին Հայաստանի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ բարձրացնելով իրենց հուզող խնդիրները։






