Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ քննարկելու համատեղ ծրագրերն ու գործակցության նոր հնարավորությունները:
Առողջապահության ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետությունը գործակցում է Առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաեւ Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում՝ ամենատարբեր ուղղություններով: Համատեղ աշխատանքներ են ընթանում նաեւ միջկառավարական հանձնաժողովների, նաեւ Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության կառույցների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերի շրջանակներում:
Ներկայումս ակտիվ համագործակցություն է ընթանում, մասնավորապես, մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում: Ռուսական կողմն արդեն մի քանի տարի է՝ պարբերաբար Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի առաջատար բժշկական կենտրոններում կազմակերպում է դասընթացներ` մանկաբարձության, նեոնատոլոգիայի, մանկաբուժության, ուռուցքաբանության եւ մի շարք այլ թեմաներով: Դասընթացներին մասնակցել են մի քանի տասնյակ հայ մասնագետներ Երեւանից եւ Հայաստանի մարզերից:
Հանդիպման ժամանակ կարեւորվել է այսօրինակ գործակցության շարունակումը՝ վերապատրաստման, փորձի փոխանակման թեմաներում ընդգրկելով նաեւ մանկական տրավմատոլոգիայի, վերարտադրողական առողջությանն առնչվող հարցեր:
Սանկտ Պետերբուրգում ներդրվում է «Հոգատար պոլիկլինիկայի» նոր մոդել, որը հետաքրքրել է նախարար Թորոսյանին, ով շեշտել է, որ Հայաստանում եւս կարեւորվում է պոլիկլինիկաների խորհրդային մոդելն արդիականացնելու, վերափոխելու հարցը:
Ռուսական կողմն իր հերթին հետաքրքրվել է առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ հայկական կողմի փորձով, համակարգային ընթացիկ փոփոխություններով:
Երկուստեք կարեւորվել է Եվրասիական միության ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու հանգամանքը: Թորոսյանն առաջարկել է առավել ակտիվ գործակցել դեղագործության ոլորտում՝ ռուսական կողմին կոչ անելով ակտիվորեն մասնակցել դեղերի ձեռքբերման պետգնումների մրցույթներին: Այս ու այլ ուղղություններով գործակցությունն առավել ամրապնդելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել փոխայցերն ու հանդիպումները:
Առաջիկայում սպասվում է հայ-ռուսական առողջապահական հերթական ֆորումը, որը կանցկացվի Ռուսաստանում:






