64-ամյա Ա.Ա.-ն Մյունխենի (Գերմանիա) մասնագիտացված կլինիկաներից մեկում ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի (քաղցկեղ) վիրահատությունից հետո մայիսի սկզբին դիմել է «Էրեբունի» ԲԿ-ի ուռուցքաբանության բաժանմունք: Հենց «Էրեբունի» ԲԿ՝ առաջատար բազմադիսցիպլինար բժշկական հիմնարկներից մեկը դիմելու հարցում պնդել են գերմանացի բժիշկները, տեղեկացնում է բուժկենտրոնի կայքը:

Կնոջ մոտ բարդացած անամնեզ է եղել՝ երիկամի փոխպատվաստում (2014 թվական), այդ թվում՝ հեպատիտ B, մենինգոենցեֆալոցելե: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ փոխպատվաստված օրգաններով հիվանդները մշտապես իմունասուպրեսիվ թերապիա են ստանում: Նման դեպքերում քիմիաթերապիա անցկացնելը չափազանց բարդ է եւ հատուկ մոտեցում է պահանջում, քանի որ հնարավոր են ոչ միայն բարդացումներ, այլեւ փոխպատվաստված օրգանի հետ կապված խնդիրներ:

Նման հիվանդների համար քիմիաթերապիայի հիմնական նպատակն օրգանիզմին առանց էական վնասների ցանկալի հակաուռուցքային արդյունքի հասնելն է: Դրանից խուսափելու համար հետազոտության անցկացումից հետո հիվանդին նշանակվել եւ անցկացվել է հակավիրուսային, հակաբակտերիալ, հեմոխթանող թերապիա։

Մայիսի 18-ին ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, Երեւանի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանի հսկողությամբ Ա.Ա.-ն քիմիաթերապիա է ստացել: Նշենք, որ փոխպատվաստված օրգանով պացիենտի քիմիաթերապիա Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։

Պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, նա շարունակում է ադյուվանտային քիմիաթերապիա ստանալ: