Աղիքային վարակը հայտնաբերվել է ոչ միայն «Գուլիվեր» մանկական նախադպրոցական հաստատության սաների, այլեւ Երեւանի այլ մանկապարտեզներ հաճախողների, ինչպես նաեւ մանկապարտեզներ չհաճախող երեխաների մոտ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել են հիվանդ երեխաների մայրերը:

Քրիստինե Արզումանյանի որդին 2.5 տարեկան է: Նա մանկապարտեզ չի հաճախում, անհրաժեշտ խնամքը տանն է ստանում: Հինգշաբթի երեխայի մոտ փորլուծություն եւ փսխում սկսվեց, ջերմությունը բարձրացավ:

«Մենք երեխային տարանք «Արաբկիր» ԲԿ եւ արդեն տեղում իմացանք, որ այնտեղ նման նախանշաններով մոտ 20 երեխա է դիմել: Ըստ անալիզի արդյունքների իմ երեխայի մոտ աղիքային վարակ ախտորոշեցին», - պատմել է նա: Նրա խոսքով, բժշկական օգնության համար դիմած որոշ երեխաներ նույնպես մանկապարտեզ չեն հաճախում: Այդ կապակցությամբ երեխաների ծնողներին զարմացրել է «Գուլիվեր» մանկապարտեզի շուրջ բարձրացված, մեղմ ասած, աղմուկը:

Գայանե Աղաջանյանը, որի դուստրը հաճախում է «Գուլիվեր» մանկապարտեզ, պատմել է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ նրա աղջիկը բուժում է ստացել, Երեւանի տարբեր շրջաններից շատ երեխաներ կային եւ նրան նույնպես զարմացրել է ԱՆ-ի հայտարարությունը, որտեղ վարակի աղբյուր է նշվում միայն «Գուլիվեր» մանկապարտեզը:

Աղաջանյանի դստեր մոտ արդեն մեկ շաբաթ  փորլուծություն է, մինչ այդ փսխում եւ ջերմություն է եղել: Մինչդեռ երեխայի անալիզները մաքուր են: Անհանգստացած մայրը մեկ այլ լաբորատորիայում նորից անալիզ է հանձնել:

 ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկը պատմել է, որ 80 երեխա է ընդունել, որոնք կամ տարբեր մանկապարտեզներ են հաճախում կամ ընդհանրապես մանկապարտեզ չեն գնում: Pseudomonas-ի (կապտաթարախային ցուպիկ) եւ դիզենտերիայի դեպքեր են հայտնաբերվել», - տեղեկացրել է Աղաջանյանը:

Ավելի վաղ ԱՆ-ն հաղորդել էր, որ վերջին օրերին երեխաները մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմել են հետեւյալ նախանշաններով՝ փսխում, փորլուծություն, բարձր ջերմություն, թուլություն:

Համաճարակաբանական ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ հոսպիտալացված երեխաները «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության սաներ են: Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրության, գրանցվել է 18 հիվանդ երեխա: Լաբորատոր հետազոտության արդյունքում 9-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ՝ շիգելա զոնե:

Ֆեյսբուքյան Armenian Parents’ Corner խմբում երիտասարդ մայրիկները կարծիք են հայտնում, որ վարակի պատճառ կարող է լինել խմելու ջուրը կամ կաթնամթերքը: Առողջապահության նախարարությունն արդեն հերքել է ջրի վարակի հնարավորությունը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում ԱՆ մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը հաստատել է, որ աղիքային վարակի դեպքերը գրանցվել են նաեւ Երեւանի այլ նախադպրոցական հաստատություններ այլցելող երեխաների մոտ:

Նա նշել է, որ «Գուլիվեր» մանկապարտեզը հատուկ էր նշվել, քանի որ այնտեղ բռնկում էր արձանագրվել եւ հաստատվել պատճառը՝ սննդամթերքի երկրորդային աղտոտում:

Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա այդ հարցն արդեն, ըստ Լիանա Եղիազարյանի, գտնվում է Սննդամթերքի անվտանգության ծառայության ոլորտում: Բայց գործընթացն այնպիսին է, որ այս կամ այն կաթնամթերքը կասկածելի համարող մայրերը պետք է իրենք դիմեն Ծառայությանը եւ նմուշն ուղարկեն լաբորատոր փորձաքննության:

Նա նաեւ հավելել է, որ շոգ շրջանի սկզբից ԱՆ-ն անընդհատ զգուշացումներ եւ խորհուրդներ է տարածում այն մասին, թե շոգ եղանակին ինչ մթերքներից է պետք խուսափել, ինչպես պետք է մշակել, պատրաստել եւ պահել սնունդը: