«Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով, պետեկամուտների կոմիտեի գործառույթների մեջ է մտնում ամենօրյա պայքարը չգրանցված աշխատողներին գրանցելու եւ դա աշխատավարձի իրական մեծությունները ներկայացվող հաշվարկներում արտացոլելու ուղղությամբ։

«Դա մեր ցավոտ կողմերից մեկն է եւ շարունակական այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում։  Այս տարվա առաջին 5 ամսվա տվյալներով, հունվար – մայիսին, մենք ունենք միջին աշխատավարձի բարձրացում, առեւտրային հարկ վճարող կազմակերպությունների մասով շուրջ 8000 դրամով»,-հայտարարեց Մաշադյանը՝ հավելելով, որ շատ ընկերություններում, այդ թվում բուժհաստատություններում թերհայտարարագրում են աշխատավարձի իրական մեծությունները եւ այդ մասով նաեւ այս ոլորտում են աշխատանքներ իրականացվում, որի արդյունքում «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 մլմ դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել։

Դիտարկմանը, թե նախկինում խաղի այլ կանոններ են գործել, իսկ հիմա այլ, նա նշեց, որ չկան խաղի կանոններ, ՊԵԿ–ը իր գործառույթներն իրականացնում է օրենքի շրջանակում. «Ուղղակի տարբեր ժամանակահատվածներում թիրախում հայտնվում են տարբեր ոլորտներ, կամ բիզնեսի վարքագծի որեւէ ուղղություն»,-ասաց Մաշադյանը: