Գիտնականները գտել են նոր միջոց, որով կարելի է պայքարել գլիոբլաստոմայի ՝ գլխուղեղի ուռուցքի մահացու տեսակի դեմ։ Science Alert ամսագիրը գրում է, որ փորձարարական թերապիայի ընթացքում մի խումբ հիվանդների ուղեղի մեջ կատետերի միջոցով ներարկել են մոդիֆիկացված պոլիովիրուս։ Հետազոտությունն իրականացվել է իմունային պատասխանի միջոցով քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նպատակով (իմունային համակարգի կոոպերատիվ արձագանք)։
Ընդհանուր առմամբ փորձարարական թերապիայում ներգրավված է եղել 61 հիվանդ։ Նրանց 21 տոկոսը գլիոբաստոմա ախտորոշումով ևս երեք տարի ապրել է։ Ստանդարտ բուժում ստացող մյուս՝ հսկիչ խմբի հիվանդների ընդամենը 4 տոկոսն է ապրել 3 տարի։ Նշենք, որ կյանքի միջին տևողությունը գլիոբլաստոմայով հիվանդների մոտ կազմում է 18- 20 ամիս ՝ ախտորոշումից հետո։
Մինչդեռ որոշ մասնագետներ համարում են, որ հետագա կլինիկական հետազոտություններում պետք է ներառվեն ավելի մեծ քանակությամբ հիվանդներ։ Նրանց կարծիքով՝ միայն դրանից հետո է հնարավոր խոսել գլիոբլաստոմայի բուժման այս տեսակը կիրառելու հնարավորության մասին։






