Կարբետոցին դեղամիջոցը կարող է եկամուտների ցածր ու միջին մակարդակով երկրներում հազարավոր կանանց կյանքեր փրկել հետծննդաբերական արյունահոսությունից ու մահից։ Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները։
Մինչև վերջերս փորձագետները խորհուրդ էին տալիս կիրառել օքսիտոցին, բայց այն պետք է պահել սառնարանում։ Շատ աղքատ երկրների համար դժվար է պահպանել այդ կանոնները։ Այդ կապակցությամբ փորձագետները սկսել են այլընտրանք փնտրել ու նրանց ուշադրությունը գրավել է կարբետոցինը, որը կայուն է շոգի հանդեպ, իսկ էֆեկտով միանգամայն համադրելի է օքսիտոցինի հետ։ Դեղամիջոցի բոլոր հատկանիշները պահպանվում են առնվազն երեք տարի, նույնիսկ 30 աստիճան տաքության ու 75 տոկոս խոնավության պայմաններում։
Կայուն կարբետոցիլի կլինիկական փորձարկումներ են իրականացվել մոտ 30 000 կնոջ վրա, որոնք ծննդաբերել են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Քենիան, Նիգերիան, Սինգապուրը, Թաիլանդը, Ուգանդան։ Յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունից հետո կարբետոցին կամ օքսիտոցին էին ներարկում։ Պարզվել է, որ երկու դեղամիջոցներն էլ նույնատեսակ լավ են հաղթահարում խնդիրը՝ կանխելով վտանգավոր հետծննդաբերական արյունահոսությունները։






