«Աստղիկ» բժշկական կենտրոնը եւս 2018 թվականի հուլիսի 1-ից նվազեցնում է սրտի պսակաձեւ զարկերակների ստենտավորման գները։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հաղորդել են հիվանդանոցից։
Բոլոր գները նվազել են 100 000 դրամով։ Մասնավորապես, մեկ ստենտի տեղադրման գինը 1 100 000 դրամից կիջեցվի 1 000 000 դրամի։ Երկու ստենտի տեղադրումը կարժենա 1 450 000 հազար դրամ`նախկին 1 550 000 դրամի փոխարեն, իսկ երեք ստենտինը՝ 1 850 000 հազար դրամ` նախկին 1 950 000 դրամի փոխարեն։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր էր կնքվել նախարարության, բժշկական պարագաների 10 մատակարարի եւ պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջեւ:
Համաձայն հուշագրի՝ պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ էր արել վերանայել նաեւ վճարովի ծառայությունների գները:
NEWS.am Medicine-ին «Աստղիկ» ԲԿ-ում հայտնեցին, որ բժշկական կենտրոնի ղեկավարությունը որոշել է հետեւել նախարարի հորդորին։
Հիշեցնենք, որ «Հերացի» հիվանդանոցային համալիրը ստենտավորման գները նվազեցրել էր դեռ հունիսի 20-ին։ Այստեղ եւս մեկ ստենտի տեղադրման համար սահմանվել է 1 միլիոն դրամ գինը։ Հունիսի 28-ին «Գյումրի» ԲԿ-ում հաղորդել են, որ մեկ դեղապատ ստենտի տեղադրման գինը սահմանվել է 850 000 դրամի չափով։






