«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նվազեցնում է սրտի ստենտավորման գինը։ NEWS.am Medicine-ի թղթակցին բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Լեւոն Քոչարյանը հայտնեց, որ համապատասխան որոշումը տնօրենն արդեն ստորագրել է։

Մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կկազմի 1 մլն 50 հազար դրամ՝ նախկին 1 մլն 250 հազարի փոխարեն։ Ամեն հաջորդ դեղապատ ստենտի հավելավճարը կկազմի 400 հազար դրամ։ Ոչ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կկրճատվի 150 հազար դրամով եւ կկազմի 700 հազար դրամ՝ նախկին 850 հազարի փոխարեն։ Ամեն հաջորդ ոչ դեղապատ ստենտի տեղադրման հավելավճարը կկազմի 250 հազար դրամ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր էր  կնքվել նախարարության, բժշկական պարագաների 10 մատակարարի եւ պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջեւ:

Համաձայն հուշագրի՝ պետպատվերի շրջանակներում ստենտավորման ծառայությունները դեղապատ ստենտի կիրառմամբ կիրականացվեն 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար  դրամի փոխարեն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպման ժամանակ ստենտավորման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ղեկավարներին կոչ էր արել վերանայել նաեւ վճարովի ծառայությունների գները: