Ժամանակին որոշվել էր, որ մի շարք բժշկական հիմնարկներ կտրվեն կոնցեսիոն կառավարման, ոչ միայն Վանաձորի ԲԿ–ն, բայց մենք առայժմ վերջնական որոշում չունենք։ Այս մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով Վանաձորի նորակառույց բուժկենտրոնի ապագայի մասին հարցին։
Ըստ նրա, կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը հիմա քննարկվում է, որոշում դեռ չկա, բայց եթե լինի նման որոշում, ապա այն կանցկացվի մրցութային կարգով, ու կհաղթի լավագույն առաջարկը։ «Այդ հարցը ոչ փակված է, ոչ էլ վերջնական որոշված. նպատակահարմարությունից ելնելով հնարավոր է այդ տարբերակը», – ասաց նա։
Պատասխանելով այն նկատառմանը, որ նախորդ կառավարության օրոք կարծես թե նպատակ կար Վանաձորի բուժկենտրոնը կոնցեսիոն կառավարման հանձնել «Տաշիր Գրուպին», նախարարը նշեց, որ տեղյակ չէ նախորդ կառավարության նպատակներից, բայց եթե կոնցեսիոն կառավարման հանձնելու որոշում կայացվի, «Տաշիր Գրուպը» կարող է մասնակցել մրցույթին։
««Տաշիր գրուպը» հետաքրքրված է ընդհանրապես Լոռու տարածաշրջանի խնդիրներով, դրա համար իրենք կառուցել են ծննդատունը, եթե հետագայում հետաքրքրված լինեն, կարող են մասնակցել մրցույթին, կարող են եւ չմասնակցել», –ասաց նա։






