Երեւանի սրտաբանության գիտահետազոտական կենտրոնը 150-200 հազար դրամով նվազեցնում է կորոնար զարկերակների ստենտավորման գները։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինտերվենցիոն սրտաբանության ու կլինիկական էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը կնվազի 200 հազար դրամով ու կկազմի 700 հազար դրամ՝ նախկին 900 հազար դրամի փոխարեն։ Յուրաքանչյուր հաջորդ ոչ դեղապատ ստենտի համար հավելավճարը կկազմի 200 հազար դրամ՝ նախկին 250 հազար դրամի փոխարեն։
Դեղապատ մեկ ստենտի տեղադրման արժեքը կկազմի 950 հազար դրամ՝ նախկին 1 մլն 100 հազար դրամի փոխարեն։ Իսկ երկրորդ ստենտի տեղադրումը կկազմի 400 հազար դրամ (այսինքն 1 350 000 դրամ՝ երկու դեղապատ ստենտի համար), իսկ բոլոր հաջորդ ստենտների համար հավելավճարները կկազմեն 350 հազար դրամ։
Աշոտ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ իրենց կենտրոնում հիվանդասենյակն անվճար է տրամադրվում, անվճար են նաեւ ստենտավորում անցնող հիվանդների հետազոտությունները։ Ստենտավորումից հետո հիվանդները միջինը 1-5 օր են մնում հիվանդասենյակներում՝ կախված նրանց վիճակից։
Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունում հունիսի 28-ին ստորագրվել է նախարարության, բուժարտադրանքի 10 մատակարարների ու ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բուժկենտրոնների միջեւ համագործակցության եռակողմ հռչակագիր։ Պետպատվերով մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար պետությունն այսուհետ վճարելու է 750 հազար դրամ՝ նախկին 1 մլն 80 հազարի փոխարեն։
Հանդիպման ընթացքում նախարարը բժշկական հաստատությունների ղեկավարներին կոչ էր արել նաեւ վերանայել ստենտավորման վճարովի ծառայությունների գները։
Նշենք, որ նախկինում մի քանի բուժհաստատություններ նույնպես հայտնել էին ստենտավորման գների նվազեցման մասին:






