«Երեւան» ԲԿ համասեփականատեր Տարոն Տոնոյանը պատրաստ է բանակցելու հիվանդանոցի ապագայի շուրջ:
Հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում Տարոն Տոնոյանը հիշեցրեց, որ հիվանդանոցի համասեփականատեր Հայկ Բալայանի՝ հայտնի գործիչ Զորի Բալայանի որդու հետ կոնֆլիկտը, որի հետեւանքով հիվանդանոցը փակվել է, շարունակվում է 2014 թվականից:
Տարոն Տոնոյանի մեկնաբանմամբ՝ կոնֆլիկտի էությունը «Երեւան» ԲԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու Հայկ Բալայանի ցանկության մեջ է: Տոնոյանի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար սկսվել են խոշորամասշտաբ գործողություններ՝ հարկայինի հետ խնդիրներ, տարբեր դատական հայցեր, այդ թվում՝ իրեն իր 50 տոկոսի բաժնեմասից զրկելու համար: «Բացի այդ, ինձ հրավիրել էին Բաղրամյան 26, որտեղ բավականին կոպիտ կերպով առաջարկեցին իմ բաժնեմասը վերցնել ու հիվանդանոցից հեռանալ»,- պատմեց նա: Նրա խոսքով՝ կառավարության կողմից իրեն անգամ առաջարկել են 1,2 մլն դոլարով շենքը գնել հիվանդանոցի վերասարքավորման համար, Բալայանի կողմը նույն շենքն առաջարկում էր իրեն գնել 600 հազար դոլարով թանկ:
Դրա արդյունքում՝ հիվանդանոցը 2016 թվականից չի աշխատում: Անձնակազմի մի մասը՝ մոտ 60 մարդ, Տոնոյանի հետ միասին աշխատում են «Սեբաստիա» ԲԿ-ում:
Տարոն Տոնոյանը ծրագրում է առողջապահության եւ պաշտպանության նախարարություններին դիմել Հայկ Բալայանի բարձրագույն կրթության եւ բանակում ծառայելու հարցերով: Տեղեկանքների համաձայն՝ Բալայանը, որը հիմա վիրաբուժական պրակտիկա է վարում, սկզբնապես սովորել է «Էրեբունի» բժշկական ինստիտուտում եւ միջին գնահատականներ է ունեցել, այդ թվում՝ անատոմիայից: Սակայն 1998 թվականին Երեւանի պետական բժշկական համալսարան տեղափոխվելիս նրա վկայականում բարձր գնահատականներ են հայտնվել: Նա 1995-97 թվականներին բանակում ծառայություն է անցել՝ լեյտենանտի կոչումով, չնայած նրա առաջին բուհում ռազմական ամբիոն չկար, եւ դրա հետ մեկտեղ, Տոնոյանի տրամադրության տակ առկա տվյալների համաձայն՝ առողջական վիճակի խնդիրներով 2 շաբաթ Մոսկվայում է եղել:






