Մի խումբ դանիացի գիտնականներ առաջին անգամ ստեղծել են մարդու արհեստական  ձվարան՝ օրգան, որը կօգնի պահպանել ուռուցքաբանական հիվանդություններ ունեցած կանանց մանկածնության ֆունկցիան։ The Guardian պարբերականը հայտնել է, որ արհեստական ձվարարանների տեխնոլոգիան նաեւ կարող է դառնալ ֆերտիլության վրա ազդող այլ հիվանդություններից տառապող կանանց  փրկությունը։

Rigshospitalet ազգային հոսպիտալի դանիացի մասնագետները ստեղծել են փոխպատվաստման համար նախատեսված օրգանի արհեստական նմուշ։ Ռեակտիվների օգնությամբ ձվարանների հյուսվածքները մաքրում են բջիջներից, որոնք ախտահարված են քաղցկեղով՝ թողնելով շարակցական հյուսվածքի կարկասը (սպիտակուց ու կոլագեն), որի վրա հետագայում փոխպատվաստվելու են առողջ պատճուկներ (ձվաբջիջներ՝ շրջապատված  էպիթելային բջիջներով ու շարակցական հյուսվածքով), որոնք ստացվել են կնոջ օրգանիզմից։ Նշված տեխնոլոգիան կրկնակի փոխպատվաստման  հնարավորություն է տալիս՝ առանց ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման վտանգի։

Եզակի մեթոդաբանությունը արդեն փորձարկվել է լաբորատոր մկների վրա։ Կենդանիներին փոխպատվաստվել է ձվարանների հատուկ պատրաստված հյուսվածք, որի մեջ պարունակվում էին քսան մարդկային ձվաբջիջներ։ Դրա մեկ քառորդը ողջ էր մնացել ավելի քան երեք շաբաթ, ձվարանների շուրջը սկսել են գոյանալ արյունատար անոթներ։ «Սա ընդամենը առաջին ապացույցն է, որ մենք կարող ենք պահպանել այդ ձվաբջիջների կենսագործունեությունը։ Պետք է դեռ շատ ժամանակ անցնի մինչ մենք կկարողանանք կանանց օրգանիզմի վրա փորձարկել այդ մեթոդաբանությունը»,- ասել է գյուտի հեղինակներից մեկը՝ Սյուզաննա Պորսը։

Մասնագետները միայն 5-10 տարի հետո կկարողանան իրականացնել արհեստական ձվաբջիջները կանանց օրգանիզմի մեջ ներդնելու լիարժեք վիրահատությունները։