Հուլիսի 3-ին Կառավարության շենքի մոտ  ԵՊԲՀ-ի բարձր կուրսերի մի խումբ ուսանողներ պիկետ են կազմակերպել՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելով:

Բանն այն է, որ 5-րդ եւ 6-րդ կուրսերի ուսանողները, որոնք անվճար տեղերում են ընդունվել եւ բանակից տարկետում են ունեցել, «Զինապարտության մասին» օրենքի վերջին փոփոխություններից հետո զրկվել են այդ տարկետումից եւ բուհի ավարտից հետո որպես շարքային  բանակ պետք է զորակոչվեն: Չնայած ուսանողների խոսքով, այս ամբողջ ընթացքում նրանք ռազմական ամբիոնում պատրաստվածություն են անցել եւ կարող են որպես սպա զորակոչվել:

Երիտասարդների խոսքով, օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո այս հարցում հակասություններ են առաջացել: Ցանկացած դեպքում ուսանողները կարծում են, որ որպես բժիշկ ավելի օգտակար կլինեն բանակին, քան որպես շարքային: Նրանք պնդում են, որ չեն խուսափում ծառայությունից, այլ ընդամենը խնդրում են կլինիկական օրդինատուրա ընդունվելու եւ ավարտելու հնարավորության մասին եւ միայն դրանից հետո, որպես պրոֆեսինոլ բուժաշխատողներ ծառայեն բանակում:

Լրագրողների հետ զրույցում 5-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը նշել է, որ նրանք եկել են ոչ թե բողոքելու, այլ վարչապետից օգնություն խնդրելու, որին նրանք բոլորն աջակցել են թավշյա հեղափոխության ժամանակ:

«Երբ բժիշկ ենք դառնում այդ ձեւաչափում մենք առավելագույնս կարող ենք օգտագործել մեր ներուժը Հայրենիքի պաշտպանության ժամանակ: Եթե ինձ հնարավորություն տան միկրովիրաբույժ դառնալ, ես բանակին ավելի շատ օգուտ կտամ, քան որպես շարքային», - նշել է նա:

6-րդ կուրսի ուսանող Գեւորգ Բակլաչյանը հավելել է, որ եթե պատերազմ լինի, նրանք բոլորը պատրաստ են զենք վերցնել: «Թող սա չդիտարկվի որպես բանակից խուսափելու միջոց», - ասել է նա:

Հոդվածը պատրաստելու ժամանակ, հայտնի դարձավ, որ ուսանողների հետ հեռախոսով խոսել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որը խոստացել է կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում կազմակերպել:

Որպես միկրովիրաբույժ ես ավելի շատ օգուտ կտամ բանակին. ապագա բժիշկները օրդինատուրան ավարտելու հնարավորություն են խնդրում