Առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի են ու չափազանց սերտ, սակայն միաժամանակ գործակցության չիրացված մեծ ներուժ կա դեռ. այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավելի Կոպիրկինի հանդիպման ժամանակ:
Արսեն Թորոսյանը շեշտել է, որ առողջապահական հարցերին առնչվող տեղեկատվության ակտիվ փոխանակում կա և սերտ գործընկերություն:
«Վստահ եմ` համագործակցությունը կշարունակվի ու առավել կխորանա. առաջնահերթություններն ու շեշտադրումները նույնն են մնում, քանի որ մենք լավ հարաբերություններ ենք «ժառանգություն ստացել», - իր հերթին ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
Երկկողմ համագործակցությունն ընթանում է ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունների միջև համաձայնագրի և փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների շահերի պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) միջև հուշագրի շրջանակներում համատեղ աշխատանքներ են տարվում պոլիոմիելիտի, հեպատիտ A-ի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ: Այս նպատակներով հայկական կողմին տրամադրվել են լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, նաև պարբերաբար կազմակերպվել են հայ մասնագետների վերապատրաստման դասընթացներ Ռուսաստանի համապատասխան բժշկական հաստատություններում:
Առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի կարգավորմանն աջակցելու նպատակով տարվում է շարունակական աշխատանք:
Կապերի խորացմանն են ուղղված պարբերաբար Երևանում և Մոսկվայում անցկացվող հայ-ռուսական առողջապահական համաժողովները: Դրանցից հաջորդ հերթականը նախատեսվում է անցկացնել այս տարեվերջին Ռուսաստանում:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը փոխանցել է նաև, մասնավորապես, Արխանգելսկից տուրիզմի և վերականգնողական բժշկության համար Ջերմուկ և Դիլիջան այցելելու հետաքրքրությունը, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել բժշկական տուրիզմին առնչվող հարցերը դարձնել առավել առարկայական քննարկման թեմա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետակա ակտիվ հանդիպումների միջոցով քննարկել առաջիկա անելիքներն ու դրանց նոր թափ հաղորդել:






