Ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում գրանցվել է շիգելեզի՝ դիզենտերիայի ակտիվացում։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երեւանում, իսկ հիվանդների մեծ մասը մինչեւ 10 տարեկան երեխաներ են։ Իրականացված հետազոտությունները, սակայն, չեն հայտնաբերել համաճարակաբանական կապ հիվանդների ու դիզենտերիայի միջեւ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք վարակվել են ոչ թե ջրի, այլ սննդամթերքի կամ կեղտոտ ձեռքերի պատճառով։ Այս մասին հուլիսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եթե Երեւանի որեւէ թաղամասում ջուրը վարակված լիներ շիգելա զոննեով՝ դիզենտերիայի հարուցիչով, ապա ոչ թե առանձին թաղամասերում հիվանդության առանձին դեպքեր կգրանցվեին, այլ խոշոր բռնկումներ՝ կհիվանդանային տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ նույն շենքից, փողոցից ու թաղամասից։
Ինչպես նշեց մասնագետը, դիզենտերիայով կարելի է վարակվել կեղտոտ սննդամթերք օգտագործելիս, ըստ որում՝ մթերքը կարող է սկզբնապես վարակված լինել հվանդության հարուցիչներով, կամ հարուցիչը կարող է այնտեղ ընկնել օգտագործելիս, օրինակ՝ կեղտոտ, չլվացված ձեռքերի միջոցով:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանը տեղեկացրեց, որ աղիքային վարակների քանակն այս տարի այս սեզոնին ավելացել է գրեթե 25 տոկոսով, որից 80 տոկոսը երեխաներ են՝ մինչև 18 տարեկան, բայց հիմնականում 0-10 տարեկան:
Հիշեցնենք, որ վերջերս դիզենտերիայի բռնկում էր գրանցվել «Գուլիվեր» մանկապարտեզում. Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։ Խախտումները վերացնելու եւ ինֆեկցիայի հետագա տարածումը կանխելու համար մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:






